ԱՄՆ դեսպանատան դիմաց նախատեսվող բողոքի ակցիայի կազմակերպիչները որոշում են կայացնել այն տեղափոխել մարտի 4-ին, ժամը 15:00-ին: Այս մասին ասված է ակցիայի Facebook-ի էջում: Ակցիան պետք է կայանար այսօր՝ մարտի 1-ին, սակայն կազմակերպիչները որոշել են չանցկացնել այն 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը:
Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները բողոքում են այն պետությունների դեմ, որոնք փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շնորհավորել են Սերժ Սարգսյանին:
«Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:
Ժողովրդավարական համարվող պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:
Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ փետրվարի 26-ին ակտիվիստները նմանատիպ ակցիա էին անցկացրել Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև: