12: 50 Մեկնաբանելով ԱԺ-ում՝ «Ժառանգության» պատգամավորների մասնակցությամբ ընթացող քննարկումները և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկները՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Աբրահամյանը իմ զրուցակիցը չէ, իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է: Եթե ասելիք ունի, ես պատրաստ եմ լսել»:
12:40 Պատասխանելով հարցին, թե արդյոք իր որդիները ՀՀ քաղաքացիություն չեն ստանում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իր ողջ ընտանիքը ամբողջ կյանք ծառայում է Հայաստանին:
Ըստ Հովհաննիսյանի՝ հարցը քաղաքացիույունը չէ, քանի որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դավաճանում են պետական շահը և խախտում են ՀՀ սահմանադրությունը:
Ընդդիմության առաջնմորդը նաև ասել է, որ դա յուրաքանչյուրի որոշելիքն է, և որ իր կրտսեր որդին՝ Արմեն Ռիչարդը, ինքնակամ, առանց իր հորդորի որոշել է դառնալ ՀՀ քաղաքացի:
12:30 Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր բաց ասուլիսը՝ ընթերցելով Մարտի 1-ի բոլոր զոհերի անունները՝ Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Դավիթ Պետրոսյան, Համլետ Թադևոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան և Զաքար Հովհաննիսյան:
«Նրանք Մարտի 1-ի մեր ազգային ողբերգության նահատակներն են, և այսօր երդում ենք տալիս, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հայ մարդու արյունը չի հոսելու: Քիչ անց միասին լուռ, լռության ուխտ արած՝ պիտի գնանք դեպի Մյասնիկյանի արձան և ծաղիկներ զետեղենք ու հարգենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհ գնացին ազատութան համար: Թող ամեն մեկն իր համար վերլուծի, սեփական սխալը գտնի, թե ինչպես եղավ, որ մեր սերունդը թույլ տվեց Մարտի 1-ը: Ուխտի ավարտին, վաղը՝ այդ պատասխանը տանք: Իմ ցավը կիսում եմ զոհերի ընտանիքների հետ և հանձն եմ առնում, որ թույլ չենք տալու: Ով կազմակերպեց, պատասխանատվություն պիտի կրի», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
12:10 Այս պահին Ազատության հրապարակը բազմամարդ է: Մինչ հավաքվածները սպասում են ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանմանը, ով հայտարարել էր, որ ժ.12.00-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով, ոստիկանները բարձրախոսներով հայտարարում են, որ հավաքն արտոնված չէ քաղաքապետարանի կողմից, ուստի՝ իրենք այնտեղ են գտնվում ապօրինի:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մարդկանց հորդորել է չշփվել ոստիկանների հետ՝ նշելով, որ նրանք իրենց գործն են անում, «մենք էլ՝ մերը»: