Հայաստանցի իշխանավորները պետք է ժողովրդի աչքերի մեջ նայեն և ընդունեն ժողովրդի հաղթանակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հնչեցրած իր երկրորդ ելույթում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Թող որևէ տարընթերցում, կասկած չլինի: Եթե որևէ մեկը մինչև մարտի 5-ը, ժամը 5-ը ինձ հրավիրի իր գրասենյակ՝ պարոն Սարգսյան (Սերժ Սարսգյան – խմբ.), պարոն Սարսգյան (Տիգրան Սարգսյան – խմբ.), պարոն Մարգարյան, ես կգնամ այդ գրասենյակ, որովհետև այդ գրասենյակը պատկանում է այլևս Հայաստանի ժողովրդին», – ասել է Հովհաննիսյանը:
Նա կոչ է արել բոլոր կուսակցություններին խոնարհել իրենց կուսակցական դրոշները և միավորվել Հայաստանի դրոշի ներքո:
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում այլևս չկա կուսակցականություն, չկա խմբակցություն, այլ կա «մի քաղաքացի և մի Հանրապետություն»:
«Եվ որքան էլ ես հիմա ցավ և հուզմունք պատճառեմ Արմենուհուն (կնոջը) այստեղ կանգնած, ես ձեզ ասում եմ և դուք հավատացեք ու ընթերցեք իմ խոսքերը ուղղակի՝ մինչև ապրիլի 9-ը (նոր նախագահի երդման արարողության օրը-խմբ.) իմ կյանքի գնով հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթականը», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր ելույթի վերջին հատվածում նա ևս մեկ անգամ քաղաքացիներին հրավիրել է Եռաբլուր՝ մարտի 5-ին ժամը 14:00-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հարգելու նրա հիշատակը, ապա 17:00-ին հերթական հանրահավաքի՝ Ազատության հրապարակում:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը Լոս Անջելեսից հավաքվածներին ողջույն է ուղարկել երգի տեսքով, ապա Ազատության հրապարակում ներկաների առջև հանդես է գալու «Երևանի երգիչ Ռուբեն Հախվերդյանը»:
Հախվերդյանը Ազատության հրապարակում երգում էր, իսկ կատարումների ընդմիջումներում զրուցում հավաքվածների հետ:
Նա, մասնավորապես նշել է, որ «մենք ազատագրեցինք Արցախը, որովհետև այնտեղ իշխանությունները կեղեքում էին մարդկանց, իսկ հիմա ինչ տարբերություն, այստեղ էլ հիմա մեզ կեղեքում են»: