Այսօր, ժամը 17.00-ին Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Հանրահավաքի մեկնարկին «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը խոսափողի մոտ է հրավիրել «ՀՀ չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին», ով իր ելույթը սկսել է, հայտարարելով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը, նրանց ճակատագիրը շախմատի խաղ չէ:
«Թող ոչ մեկ Հայաստանը չշփոթի խաղի հետ: Մեր դեմ խաղ չկա: Սա իրական կյանք է, Աստծո տված կյանք է: Մենք իրական մարդիկ ենք, յուրաքանչյուր մարդ արժեք է, և մինչև կյանքի վերջ ես էս արժեքը պահելու եմ». – ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում շատ են խոսում, որ ինքը չունի հստակ ծրագիր, որ իր քայլերում հստակություն չկա:
«Ես ունեմ միայն մեկ ծրագիր, մի ռազմաարություն, մի հստակ անելիք՝ ՀՀ քաղաքացիների և հայ ողջ ժողովրդի մասնակցային տիրությամբ պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը և ի կատար ենք ածելու մեր պահանջը», – ասել է ընդդիմության առաջնորդը:
Հովհաննիսսյանն ասել է, որ քանի որ մինչև հիմա չունի Սերժ Սարգսյանից որևէ առաջարկ՝ ժողովրդի պահանջը լուծելու, ապա կրկին վերջինիս հրավիրել է Ազատության հրապարակ:
«Հրավիրում եմ պարոն Սարգսյանին: Թող գա ու ճանաչի ժողովրդի հաղթանակը: Թող հայ ժողովրդի պահանջով ինքնաբացարկ տա մինչև ապրիլի 9-ը (երդմնակալության արարողությունը – խմբ.)», – ասել է Հովհաննիսյանը և հավելել. «Սա խաղ չէ»:
«Դուք լո՞ւրջ եք, թե՞ խաղի մեջ եք», – դիմելով հավաքվածներին՝ ասել է ընդդիմության առաջնորդը:
Եթե, այնուամենայնիվ, երդմնակալության արարողությունը կայանա, ապա, Հովհաննիսյանի խոսքով, դա բերելու է ժողովրդի հերթական ողբերգության:
Այնուհետև Հովհաննիսյանը դիմել է ՀՀ վարչապետին՝ վերջինիս ևս հրավիրելով Ազատության հրապարակ:
«Գործող վարչապետ, ձեզ ևս հրավիրում եմ հրապարակ՝ հաշվետվություն տալու մեր ժողովրդին: Եկեք այստեղ և պատասխան տվեք մեր ժողովրդին՝ աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր և միջին բիզնեսի խեղդման, Թեղուտի վերջին որոշման համար, ուժային և դատական մարմինների հակասահմանադրական պահվածքի համար: Ունեցեք այդ բարությունը, քրիստոնեությունը գալ, ժողովրդին հաշվետվություն տալ»:
Այնուհետև Հովհաննիսյանը հրապարակ է հրավիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Հրաժարական տվեք, որովհետև դուք հեգնել եք ժողովրդի իրավունքը, հավաքել եք ուսուցիչներին, խախտում եք թույլ տվել»:
Իր ելույթի վերջում Հովհաննիսյանը հերթական քվեարկությունն անցկացրեց՝ հարցնելով, թե արդյոք նշված մարդկանց արժե հրավիրել մարտի 5-ի, թե՞ մարտի 8-ի հանրահավաքին: Հավաքվածները որոշեցին, որ դա պետք է անել մարտի 5-ին:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց տեղեկացրել է, որ վաղը իրենք մտադիր են իրավաբանների հետ քննարկել ՍԴ դիմելու հարցը:
«Երկուշաբթի ձեզ կներկայացնենք որոշման արդյունքը: Եթե հանկարծ որոշենք դիմել, սա համարեք ՍԴ վերջին շանսը սահմանադրություն կիրառելու և մարդկանց առաջ պարզերես դուրս գալու համար»:
Հովհաննիսյանն ասել է, որ մարտի 5-ին հրավիրվածներին սպասելու են Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ ցանկացողները կարող են գնալ Եռաբլուր և հարգել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը, ում ծննդյան օրն է մարտի 5-ին: