Նախագահական ընտրութուններում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած, բայց ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի դերն այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակում շատ էական է, բայց և պակաս էական չէ հասարակության ակտիվ խմբերի մասնակցությունը ծավալվող գործընթաներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհդրի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Այս ամբողջը թողնել Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմի վրա՝ մտածելով, որ ինքն իր թիմով և մերձավոր համակիրներով կկարողանա բան փոխել, ուղղակի սխալ է: Իհարկե, այդպես չի փոխվի, ուղիղ կապված է այն քաղաքացիներից, ովքեր դժգոհության քվե են տվել, և այդ քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Հասարկությունն ուղիղ միջամտելու բան ունի՝ թույլ չտալով տեսական որևէ համաձայնություն Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի և գործող իշխանությունների միջև: Որևէ տեսական հնարավոր հաշտություն չպիտի տեղի ունենա, այստեղ հասարակության դերը շատ կարևոր եմ համարում»,- ասել է Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ թեև հասարակությունը միատարր չէ, ամենատարբեր մոտեցումներ կան, բայց ընդհանուրն այն է, որ ահռելի թվով մարդիկ իրենց բողոքի քվեն բարձրաձայնել են՝ չնայած ճնշումներին, կաշառքին, վարչական ռեսուրսի զանազան միջամտություններին, այն ահ ու սարսափին, որ եղել է ու կա Հայաստանում:
Լևոն Բարսեղյանն ասել է, որ հատկապես Գյումրիում տրամադրությունները բարձր են, հանրությունը ճնշող մեծամասնությամբ տրամադրված է իշխանափոխության օգտին և իր քվեով ցույց է տվել դա:
Անդրադառնալով ուսանողների ակտիվությանը՝ մեր զրուցակիցն ասել է, որ հայտարարված դասադուլներ Գյումրիում չեն լինում, սակայն երկու օր առաջ ժամը մեկից բոլոր բուհերից ուսանողները երթի էին դուրս եկել:
«Ուսանողները դիմել էին Ռուսաստանի հյուպատոսարան՝ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին Կամբոջայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև Իտալիայի պատվո հյուպատոսին էին շնորհավորել՝ Ջորջո Նապոլիտանոյի՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մի խոսքով գյումրեցուն հատուկ հումորով երթեր, պիկետներ»,- ասել է Լևոն Բարսեղյանը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ երեկ էլ Գյումրիում 2008 թվականի Մարտի 1-ի տասը զոհերի ոգեկոչման լուռ պիկետ է անցկացվել: