2011 թվականի փետրվարի 12-ին Խոջալուի զորամասերից մեկում սպանված Թորգոմ Սարուխանյանի (լուսանկարում) քրեական գործով կատարվել է ակնհայտ կեղծ, հանցագործություններով ուղեկցված նախաքննություն, ինչի արդյունքում փաստերը նենգափոխվել են և Սարուխանյանի դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն: Այս մասին ասված է Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված բաց նամակում:
Մարտիրոսյանը նշում է, որ այս տարվա փետրվարի 13-ին Աղվան Հովսեփյանին է ուղարկել հաղորդում հանցագործության մասին:
«Ներկայումս գործում որպես ամբաստանյալներ են ներգրավված երեք անձինք՝ ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ովքեր իբր դեպքից շուրջ երկու շաբաթ առաջ ապտակել են Թորգոմ Սարուխանյանին, նվաստացրել նրան, հայհոյել և հասցրել ինքնասպանության:
Հաղորդմանս մեջ նշել եմ, որ գործով դիակի արտաքին զննությունը կատարած թիվ 186/10 դատաբժշկական եզրակացության հեղինակ Ա. Դալլաքյանը տվել է ակնհայտ կեղծ եզրակացություն, ինչի հիման վրա դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն:
Միաժամանակ նշել եմ, որ սա համակարգային հանցագործություն է, որում մեղավոր են ինչպես ՀՀ ՊՆ ՔԾ ղեկավարները, այնպես էլ նախաքննությունը հսկող Զինդատախազության պաշտոնատար անձինք` ընհուպ մինչև զինդատախազը: Նշել եմ նաև, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ կետի` իմ հաղորդման շուրջ քննությունը պետք է կատարվի ՀՔԾ շրջանակներում:
Օրենքի կոպիտ խախտումով` իմ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՊՆ Քննչական ծառայության Հատուկ կարևոր գործերով քննչական բաժին: Այսինքն` չնայած ես նախօրոք գիտեի, որ կատարվելու է ապօրինություն և հատուկ նշել էի, որպեսզի հաղորդման շուրջ քննությունը կատարվի ՀՔԾ շրջանակներում, սակայն այսուհանդերձ ինձ չհաջողվեց ստիպել, որպեսզի գործի օրենքը: Հաղորդումս ուղարկվեց այն մարմնին, որին ես մեղադրում եմ Թ.Սարուխանյանի գործով կատարած հանցագործության մեջ:
Սա նման անօրինականության առաջին դեպքը չէ: Մինչ օրս ես ուղարկել եմ շուրջ 30 հաղորդում հանցագործության մասին, ինչպես Թ. Սարուխանյանի, այնպես էլ 2010թ.-ի հուլիսի 27-ին սպանված լեյտենանտ Ա. Նազարյանի գործով, և իմ բոլոր հաղորդումներն ապօրինաբար ուղարկվել են այն մարմնին, որին ես մեղադրել և մեղադրում եմ նախաքննության ընթացքում կատարած հանցագործությունների մեջ:
Ելնելով վերոհիշյալից` պահանջում եմ անհապաղ վերջ դնել այս արատավոր գործելաոճին:
Պահանջում եմ Ձեր կարգադրությունը, որպեսզի իմ հաղորդումն ուղարկվի ՀՔԾ և օրենքով սահմանված կարգով դրան տրվի համապատասխան ընթացք», – նամակում գրել է Ռուբեն Մարտիրոսյանը: