Home / Հայաստան / Առաջադեմ ուսանողները և ՀՀԿ-ական «դահլիճ լցնողները». դասախոսը՝ դասադուլների մասին

Առաջադեմ ուսանողները և ՀՀԿ-ական «դահլիճ լցնողները». դասախոսը՝ դասադուլների մասին

Համալսարաններն ամենուրեք ավանդաբար ազատամտության կենտրոններ են, նոր գաղափարների աղբյուր, սակայն Հայաստանում դա, դժբախտաբար, այդպես չէ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով արդեն մեկ շաբաթ ուսանողների կողմից կազմակերպվող դասադուլ-ակցիաներին, որոնց մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները:

«Ի՞նչ ենք տեսնում այսօր: Առաջադեմ փոքրաթիվ ուսանողներ ոտքի են ելել` պայքարելու ժողովրդի և իրենց քաղաքացիական իրավունքների համար, իսկ ուսխորհուրդների անդամները (ներկա և նախկին) և նրանց մերձավոր շրջապատը սուր հակադարձում են` միջոցների միջև խտրություն չդնելով: Նրանք այս հարցում էլ կեղծիքի են դիմում: Դասախոս դարձած օրիորդը ուսանողի անունից է խոսում, դասի ժամին փողոցում կանգնածը գոռում է. «Մի՛ խանգարեք, մենք դաս ենք անում» և այլն», – ասել է Դավիթ Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ հանրապետականացած ուսխորհուրդները գրեթե բոլոր համալսարաններում լծված են իշխող կուսակցության քարոզչության գործին:

«Ուսխորհուրդները ՀՀԿ-ի առաջապահ ջոկատն են հանդիսանում (ո՛չ, զորք չեմ ասում, սխալ չհասկանաք): Այդպես է տարիներ շարունակ: Այդ նաև նրանց ջանքերի ծանր հետևանքն է, որ ուսանողներից շատ-շատերը դեռ խոր քնի կամ թմբիրի մեջ են, անտարբեր են ամեն ինչի նկատմամբ, քաղաքացիական հստակ դիրքորոշում չունեն: Նաև սովորելու հարցում են թերահավատ, քանի որ իրենց աչքի առաջ ուսխորհուրդների նախագահները Հայաստանում շատ բարձր պաշտոնների արժանացան, մյուսները հարմար տեղավորվեցին տարբեր տեղերում, անգամ գիտական աստիճաններ վաստակեցին այն դեպքում, երբ ուսումնառության տարիներին ավելի շատ վազվզել են, զանազան ժողովների, խորհրդակցությունների մասնակցել, դահլիճ լցրել: Ծառայել են ըստ ամենայնի` ոչ թե հայրենիքին, այլ իշխանություններին», – ասել է մեր զրուցակիցը:

Դասադուլը որպես պայքարի ձև ընդունելով՝ Գյուրջինյանը, սակայն, կարծիք է հայտնել, որ չի կարելի այն ո՛չ արհեստականորեն սկսել և իրականացնել, ո՛չ էլ բռնությամբ ճնշել: Նրա խոսքով մեր ուսանողությունը համատարած դասադուլի տակավին պատրաստ չէ:

«Ինձ միաժամանակ թվում է, թե այն շուտ հայտարարվեց: Հարկավոր էր լավ կշռադատել, ճիշտ գնահատել իրավիճակը և հաշվարկել բոլոր հանգամանքները:

Սպասենք դեպքերի զարգացմանը», – եզրափակել է Գյուրջինյանը:

Լուսանկարը՝  Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից