Նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական արդյունքների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները քիչ առաջ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով պահանջում են վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից հրապարակած թվերը:
Դիմումը հանձնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին հայտնել է, որ դիմումի քննության հետ կապված իրավական գործընթացը որևէ կերպ չի հակասելու քաղաքական պայքարին, այսինքն՝ նախանշված բոլոր քաղաքական միջոցառումները տեղի են ունենալու:
Լրագրողների հարցին՝ արդյոք ծրագրված է հանդիպում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Խուրշուդյանը պատասխանել է, որ նման ծրագիր դեռ չկա, սակայն իրենք բազմիցս հայտարարել են, որ բաց են ցանկացած ձևաչափի համագործակցության համար բոլոր ուժերի հետ:
Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվել է նոր մանրամասներ հայտնել ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին՝ նշելով, որ դա այս պահին նպատակահարմար չէ:
Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցին, խոսնակն ասել է, որ այն ավելի խիստ էր, որովհետև ներառել է ի հայտ եկած նոր փաստերը, վերլուծական աշխատանք է տարվել, որը ընտրությունների պատկերն ավելի հստակ է դարձրել: