Հայաստանում ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվող քաղաքական համակարգի մենաշնորհից ազատվելու, քաղաքական ճգնաժամի դեմ պայքարելու համար պետք է նախագահի ինստիտուտը լուծարել՝ Սահմանադրության մեջ փոփոխության վերաբերյալ համաժողովրդական ռեֆերենդումի միջոցով, որին պետք է հաջորդեն նոր խորհրդարանական ընտրությունները, որտեղ մեծամասնություն կազմած կուսակցությունը կնշանակի երկրի վարչապետին, որն էլ կզբաղվի կառավարության աշխատանքի ղեկավարմամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր, հասարակական գործիչ Դավիթ Ստեփանյանը:
«Չկա ոչ մի երաշխիք, որ խորհրդարանական ընտրությունները նույնպես չեն կեղծվելու, բայց պառլամենտական համակարգն ինքնին այնպիսի ֆորմա է, որը չի կարող չնպաստել իշխանության համեմատաբար ավելի հորիզոնական բաշխմանը՝ մեր ունեցած իրավիրճակի համեմատ»,- ասել է Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ նախագահական համակարգի առկայության դեպքում բոլոր կուսակցությունները «նախագահացու» պատրաստելու գործով են զբաղված, իսկ խորհրդարանական համակարգի հաստատման դեպքում ստիպված սկսելու են քաղաքական ծրագրերի վրա աշխատել:
Ռեժիսորը ներկա համակարգի վերացումը կարևոր է համարում նաև այն պատճառով, որ դա աշխատում է «win or lose» (հաղթանակ կամ ոչինչ) տրամաբանությամբ, ինչը ևս խանգարում է քաղաքական համակարգի զարգացմանը: Ստեփանյանը հիշեցրել է, որ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու առաջարկ է արել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Այս առաջարկի մերժումը, Ստեփանյանի գնահատմամբ, անտրամաբանական է, քանի որ դա կարող էր փրկել իրավիճակը՝ առանց պարտվողներ թողնելու:
«Եթե երկրում տեղի չունենան քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխություններ, ապա իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ: Հնարավոր է՝ Արաբական գարունը հասնի Հայաստան, կամ այլ տեսակլի պրոցեսներ ընթանան, որոնք աղետաբեր լինեն ինչպես ժողովրդի, այնպես էլ գործող իշխանությունների համար: Կամայական պետություն, որի 18-ը բոլորած քաղաքացիների 80-90 տոկոսը դժգոհ է իշխանություններից, որոշակի պահի կարող է նույնիսկ դադարել գոյություն ունենալ: Չհաշված 1991թ.-ի նախագահական ընտրությունները, ՀՀ-ում չի հաջողվում ունենալ բոլորի համար լեգիտիմ նախագահ, կողմերը ոչ մի կերպ չեն ճանաչում մեկը մյուսին, և հարցերը լուծվում են ընտրակեղծիքների արատավոր պրակտիկայի կամ բռնի ուժի սպառնալիքի միջոցով: Շատերի կարծիքով՝ պետք է մեկ անգամ անցկացնել արդար ընտրություններ, և դրանից հետո կվերականգնվի մարդկանց ընտրական իրավունքը, կհաղթահարվի տարիներ ձգվող քաղաքական ճգնաժամը և կլուծվի քաղաքացուն իշխանավորելու հարցը: Գուցե, բայց այդ մեկ արդար ընտրությունները ոչ մի կերպ չի հաջողվում անցկացնել, և դրա համար նախադրյալներ առանձնապես չեն նշմարվում՝ հաշվի առնելով միջազգային դիտորդների միջազգային չափանիշներին չհամապատասխանող աշխատանքը և նեոգաղութային վերաբերմունքը հայ հասարակությանը: Ինչպե՞ս ստիպել ներկա իշխանություններին, որպեսզի գնան այս փոփոխությանը: Պատասխանը մեկն է՝ հզոր հասարակական ճնշմամբ: Ի վերջո, սա տարբերակ է, որը թույլ կտա չպարտվել ոչ ժողովրդին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ Սերժ Սարգսյանին և ինչ-որ իմաստով շահեկան է բոլորի համար»,- ասել է Դավիթ Ստեփանյանը: