Հայաստանում տիրող հետընտրական զարգացումները քննարկելու նպատակով երեկ ամերիկահայ համայնքում գործող երիտասարդների կազմակերպությունները հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ում՝ «Գլենդեյլ միությունում», որին ներկա են եղել մոտ 1000 հայեր: Ինչպես Epress.am-ին հայտնել է հանդիպման կազմակերպիչներից մեկը՝ Կարապետ Մոմջյանը, հանդիպմանը Skype-ով միացել է նաև Րաֆֆի Հովաննիսյանը, ով ասել է, որ Հայաստանում սկսվել է ներքին ժողովրդական շարժում՝ ժողովուրդի իրավունքների վերահաստատման համար, և որ գերտերությունները պետք է հասկանան, որ այլևս հին իշխանության մեթոդները չեն բավարարում ու պետք է հաստատվի օրենքի ու իրավունքի երկիր:
Epress.am-ի հարցին, թե ինչպես է հայ համայնքը վերաբերվում ԱՄՆ կառավարության դիրքորոշմանը, մասնավորապես, Սերժ Սարգսյանին շնորհավորելու փաստին, Մոմջյանն ասել է. «Ընդհանրապես տիրում է այն մտածողությունը, որ դա մի կոպիտ սխալ է, որովհետև հստակ չէ, որ Սերժը լեգիտիմորեն ընտրված նախագահ է (խոսքը գնում է ընտրակեղծիքների մասին, որոնց գծով ԵԱՀԿ-ի դիտորդներն անգամ վերաքննված հաղորդագրություն են հրապարկել»:
Մոմջյանն ասել է, որ ամերիկահայերը նաև իրենց զորակցությունն են ցանկանում հայտնել Հայաստնում դասադուլի դիմած ուսանողներին:
«Մտածում են նամակարշավ սկսել (pen-pall), նաև ուսանողական հատվածի հավաքներ կատարել համալսարաններում ու ամերիկացի ուսանողներին տեղեկացնել կատարվածի մասին»,- ասել է Մոմջյանը: