Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգումներ է անցկացրել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերությունում (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջ»), որի հետևանքով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:
ՍԱՊԾ-ը հայտնում է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակն անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:
«Մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն: Ինչպես նաև «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:
Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է.
1. Արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը
2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից
3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը», – ասված է ՍԱՊԾ պաշտոնական հաղորդագրության մեջ: