ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը գտնում է, որ ընտրությունները լավ են անցել, բոլոր երկրների նախագահները շնորհավորում են Սերժ Սարգսյանին, ուրեմն ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում պարտված թեկնածուն շնորհավորի հաղթողին: Նրա խոսքով՝ Հայաստանում միշտ պարտված թեկնածուն բողոքում է, բոյկոտում արդյունքներն ու հանրահավաքներ անցկացնում, իսկ ժողովուրդը խնդիր ուներ տեսնել ընդդիմության միասնական թեկնածուի, և այդ թեկնածուն երջանիկ պատահականությամբ դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է Galatv.am-ը:
«Անպայման պետք է դրական գնահատական տվողին ասենք, որ ծախվա՞ծ է: Այո, եթե փողոցում մարդիկ են հավաքվում, ուրմեն կա լրջագույն խնդիր, որը պարտադիր պետք է լուծում գտնի, տնտեսական-սոցիալական լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան, բայց պետք չի ասել, թե ընտրությունները վատ են անցել: Գոնե վարչական ռեսուրսի կիրառման մասին մի խոսեք, էլի, որովհետև բոլոր այն քաղաքներում, որտեղ հնարավոր էր կիրառել վարչական ռեսուրս, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասել է Վարդան Այվազյանը:
Այն հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ առանձին մարզերում ու քաղաքներում անսպասելիորեն Սերժ Սարգսյանը պարտություն կրեց, Վարդան Այվազյանը պատասխանել է, որ միգուցե շատ մարզպետներ, քաղապետեր ու գյուղապետեր գերագնահատել էին իրենց ուժերը, և առկա են եղել «արջի ծառայության» երևույթներ:
«Իշխանությունը միշտ է պատրաստ եղել երկխոսության, սակայն ընդդիմությունը ամեն ինչ է ուզում: Ես չեմ կարող ընդունել մի բան, որն ինձ պարտադրում են: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է ես համաձայնեմ հարյուր տակոսանոց համամասնական ընտրակարգին կամ ԱԺ-ի լուծարմանը: Ի՞նչ ա ասել Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին, ասել ա՝ իշխանությունը տուր՝ դու գնա, էդպես ո՞նց կլինի: Մենք հո գիտենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայները դրանք «Ժառանգության» ձայները չեն: Շուտով ավագանու ընտրություններ կլինեն, կտեսնենք ընդդիմադիր կոչվածի ձայները որոնք են»,- եզրափակել է Այվազյանը: