Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ 2013 թվականի նախագահական ընտրություններն առավել ոչ մրցակցային էին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինս նշել է, որ նախընտրական շրջանում հասարակության մոտ նկատվում էր ընտրությունների նկատմամբ խորը անվստահություն:
«Հայաստանում գոյություն ունի խորը դժգոհություն, և դա, առաջին հերթին, կապված է 2008 թվականի մարտի 1-ի չլուծված հարցերի հետ: Եվ այդ դժգոհությունն արտահայտվում է նաև ընտրությունների առումով: Այլ կերպ ասած՝ Րաֆֆի Հովհաննիսյանի 36,5 տոկոս ձայները ոչ թե միայն իր ձայներն էին, այլ դժգոհությունն էր Սերժ Սարգսյանից», – հայտարարել է Կիրակոսյանը:
Խոսելով քաղաքական այլ ուժերի մասին՝ քաղաքագետը նշել է, որ այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերածվել է քաղաքական ուրվականի, իսկ ԲՀԿ-ն՝ քաղաքական դիակի: Նրա խոսքով՝ անցած ընտրությունների հետ կապված նկատվել է ԲՀԿ-ի ուժերի թուլացում:
Կիրակոսյանը կարևոր իրողություն է համարում այն, որ ընդդիմությունը սկսել է միավորվել ոչ թե ընտրություններից առաջ, այլ՝ հետո:
Նրա խոսքով՝ այս պահին իշխանության առջև ծառացած մարտահրավերներ կան, օրինակ այն, որ իշխանությունը չի կարողանում նկատել խորը դժգոհության մակարդակը և այս պահին միայն մտածում է քաղաքական կոնսենսուսի կառուցման մասին:
«Իշխանություններն իրենք իրենց են դնում վատ իրադրության մեջ, երբ
հեռուստատեսությունում շարում են օգտագործված գործիչների, ինչպիսին են՝ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը: Կամ Սերժ Սարգսյանի համար երգող երգիչ Շուշան Պետրոսյանը: Եթե սա է իշխանությունների արձագանքը, ապա իրենք վնասում են իրենց»,- ասել է Կիարկոսյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա, փորձագետի կարծիքով, նա առաջին քաղաքական գործիչն էր, որ լքեց Երևանը և գնաց մարզեր, քանի որ մարզերը երկար ժամանակ անտեսվում էին:
«Ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ փոփոխության միջնորդ, այնպես էլ 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանն է վերցնում այդ դերը», – ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» թիմի պակաս ունի: