Home / Հայաստան / ՀՔԾ-ի պետը կարգադրել է ձայնագրիչը նետել զուգարանը. հայտարարություն ընտրությունների մասին

ՀՔԾ-ի պետը կարգադրել է ձայնագրիչը նետել զուգարանը. հայտարարություն ընտրությունների մասին

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն ուղեկցվել են կոպիտ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ: Այս մասին ասված է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարության մեջ:

Կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ իրավապահ մարմինների` քրեական գործերը բացահայտելու դժկամության և հանցագործությունների քողարկմանը միտված անօրինական գործողությունների առնչությամբ և մեկ դեպք ներկայացնում:

2013թ. փետրվարի 18-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 17 ընտրատարածքի շուրջ 14 տեղամասերում, որոնք տեղակայված են եղել Արտաշատ քաղաքում և հարակից մի շարք գյուղերում: Քվեարկության օրը և դրանից հետո «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդական թիմը մի շարք հաղորդումներ է ներկայացրել ոստիկանություն: Արտաշատի ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործեր են հարուցել «Իրավունքի Եվրոպա միավորման» դիմումներից մի քանիսի հիման վրա:

«Այդ գործերի շարքից է Արտաշատի 17/5 տեղամասում քվեատուփի լցոնման փաստով հարուցված քրեական գործը: Սույն գործով վկաներ են հանդիսանում դիտորդ Նարինե Էսմաելին և լրագրող Արտակ Համբարձումյանը: Նարինեն ծագումով հայ Ամերիկայի քաղաքացի է: Նա Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի միջոցով և ներկայումս պրակտիկա է անցնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում: Դիտորդի և լրագրողի վկայությամբ լցոնումը տեղի է ունեցել, երբ 25-30 տղամարդ ներխուժել են տեղամաս, պահել դիտորդի և լրագրողի ձեռքերը, որի ընթացքում հանձնաժողովի քարտուղարը բացել է քվեատուփը մի երիտասարդի համար, որն էլ լցոնել է շուրջ 400-500 քվեաթերթիկ», – նշված է հայտարարության մեջ:

ՀԿ-ները նշում են, որ գործով վարույթն իրականացնում է ՀՔԾ-ի քննիչ Գորիկ Հովակիմյանը: Նրա հրավերով Նարինե Էսմաելին ներկայացել է ցուցմունք տալու իր ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորման» անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:

«Քննչական գործողության ընթացքում քննիչի կողմից պարբերաբար ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ՝ փոփոխել վերջինիս ցուցմունքը` փորձելով թույլ չտալ վկային ներկայացնելու 17/5 տեղամասում ընտրության օրը տեղի ունեցածի ճիշտ պատկերը:

Քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` փաստաբանն իրավունք ունի ձեռք բերելու իր վստահորդի շահերից բխող ապացույցներ` օգտագործելով նաև տեխնիկական միջոցներ և անհրաժեշտ էր ձեռք բերել ապացույցներ ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ, Տիգրան Եգորյանը ձայնագրել է հիշյալ քննչական գործողությունները:

2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի և հանձնաժողովի քարտուղարի միջև առերես հարցաքննության ժամանակ, քննիչ Հովակիմյանը քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության և օրինականության շուրջ վիճաբանություն է սկսել Տիգրան Եգորյանի հետ: Նարինեի ներկայացուցիչը հիմնավորել է իր իրավունքը` հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը, մինչդեռ քննիչը չի կարողացել ապացուցել նման իրավունքի բացակայությունը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս եկել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով արգելել է ներկայացուցչին ձայնագրություն կատարել շատ կոպիտ ձևով` կարգադրելով քննիչներից մեկին (սենյակում ներկա է եղել 5 քննիչ), որ նետի ձայնագրիչը զուգարանը: Այնուհետև, չսպասելով անգամ իր կարգադրության կատարմանը, խլել է ձայնագրիչը Տիգրան Եգորյանի ձեռքից և նետել այն պահարանի մեջ: Ավելի ուշ քննիչներից մեկն այն գաղտնի վերցրել է և ջնջել ձայնագրությունը: Այնուամենայնիվ, այդ ձայնագրությունների մի մասը «Իրավունքի Եվրոպա միավորման» տրամադրության տակ է», – նշում են հայտարարության հեղինակները:

«Իրավունքի Եվրոպա» միավորումը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դատապարտում են ՀՔԾ-ի քննիչների, մասնավորապես` ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի անօրինական գործողությունները:

«Մենք կոչ ենք անում Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը միջամտելու  և հավաստիացում պահանջելու ՀՀ կառավարությունից իր քաղաքացի Նարինե Էսմաելիի անվտանգության համար:

Մենք նաև կոչ ենք անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին` հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի իրավապահ մարմինների` ընտրախախտումները քննելուն և բացահայտելուն ուղղված գործողությունների վրա:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել, որ բոլոր ընտրախախտումները քննության առնվեն թափանցիկ, արդյունավետ և օրինական ճանապարհով և որ հայ հասարակությունը պարբերաբար իրազեկվի դրանց զարգացումների մասին», – նշում են երկու կազմակերպությունները:

Լուսանկարը՝ ՀՔԾ-ի պաշտոնական կայքից