ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի (լուսանկարում՝ ձախից) մայրն ասել է, թե չի կարող որևէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիներ չի ունեցել: Այս մասին Գալստյանն ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչը՝ 51 -ամյա Կարինե Էլչակյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին ասել էր, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն է:
«Վարդան Սեդրակյանի հետ ես գործ չունեմ, քանի որ դեռ ոչինչ հայտնի չէ, և նրա մեղավորության մասին ոչինչ ասել չեմ կարող: Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել: Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,- ասել է տիկին Ռոզան՝ վստահություն հայտնելով, որ իր որդուն կարդարացնեն:
Թերթն ընդգծում է, որ կասկածյալների ձերբակալության օրից անցել է մոտ 1 ամիս, սակայն ԱԱծ-ն գործի մասին որևէ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդում: