«Ժառանգություն» կուսակցությունում հակված են, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորի ՀՀՇ վարչության նախկին նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը թերթի հետ զրույցում նշել է, որ և՛ կուսակցությունում, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբում Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված որևէ հարց չեն քննարկել, հետևաբար ինքը չի կարող ոչ հերքել, ոչ հաստատել այս լուրերը:
Արարատ Զուրաբյանի և ՀՀՇ մի շարք նախկին անդամների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին գրում է նաև «168 ժամ» պարբերականը՝ չնշելով, թե որ քաղաքական ուժի կազմում կլինեն նրանք:
Թերթը թեմայի առնչությամբ զրուցել է նաև ՀՀՇ երիտթևի նախկին նախագահ Կարեն արապետյանի հետ, ով ասել է, որ «ոչինչ բացառել չի կարելի»:
«Ներկա պահին քաղաքական պրոցեսներ են ընթանում, ինչին մենք, բնականաբար, հետևում ենք, ու, դրանից ելնելով, վերջնական որոշում կկայացնենք մինչև վերջնական առաջադրումները», – ասել է Կարեն Կարապետյանը:
Ավագանու ընտրություններում առաջադրման փուլը մեկնարկում է մարտի 11-ին, այն կավարտվի մարտի 21-ին:
Լուսանկարը՝ aravot.am