Home / Հայաստան / ՊՆ-ի մասին օմբուդսմենի զեկույցն ընդհանրական է և զգուշավոր. իրավապաշտպանները քննադատում են

ՊՆ-ի մասին օմբուդսմենի զեկույցն ընդհանրական է և զգուշավոր. իրավապաշտպանները քննադատում են

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի (լուսանկարում) կարծիքը ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտում առկա խնդիրների մասին բնավ նման չէ իրավապաշտպանի տված գնահատականի:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ Մի գրասենյակի կողմից հրապարակված օմբուդսմենի 2012 թվականի զեկույցի ՊՆ-ին վերաբերող հատվածին:

Միքայել Դանիելյանը ՄԻ պաշտպանի հրապարակումը համամատել է խորհրդային մամուլին բնորոշ «вести с полей» (լուրեր դաշտերից) հրապարակումների հետ, քանի որ օմբուդսմենի գնահատականները շատ ընդհանրական են և չկա կոնկրետ դեպքերի, դրանց քննության ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտի մասին ՄԻՊ-ի հրապարակած կարծիքը խիստ զգուշավոր է:

«Հիմնական խնդիրը նախ այն է, որ, ցավոք, մահացության դեպքերը չեն նվազել: Երկրորդ՝ ՊՆ-ն հաշվետվություն չի ներկայացնոում ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի մասին ոչ ԱԺ-ին, ոչ կառավարությանը, ոչ էլ հանրությանը, երրորդ՝ անդրադարձ չկա մահացության դեպքերով պատշաճ քննություն չտանելու հարցին. տարիներով սպանության դեպքերը չեն քննվում, չեն բացահայտվում: ՊՆ քննչական ծառայությանն ընդհանրապես անդրադարձ չկա. ավելին՝ դատարանների դերին անդրադարձ չկա: Շարունակվում են Ստեփանակերտում զինվորական հանցագործություններով գործերի քննությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից, չնայած, ըստ օրենքի, նման նստավայր այդ դատարանը չունի. կոռուպցիայի տարածվածությանն ընդհանրապես չկա անդրադարձ»,- ասել է  Սաքունցը:

Նա նաև նկատել է, որ ՄԻՊ գրասենյակն իր հրապարակման մեջ հղում չի անում իր սեփական աշխատանքին, թե քանի դիմում է ստացել, ինչ տեսակի խնդիրների մասին, այսինքն՝ հիմնվում է ՊՆ պաշտոնական տվյալների վրա և չի տալիս սեփական գործունեության վրա հիմնված գնահատականներ: