Սերժ Սարգսյանը ղարաբաղյան էլիտայի վերջին մոհիկանն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Սերնդային, դեմոգրաֆիկ առումով նա չունի հետնորդ և ներկայիս քաղաքական կոնտեքստի, գրքի վերջին էջն է: Անպայման չի, որ հաջորդ քաղաքական էլիտան լավը լինի և լինի ղարաբաղյան էլիտայից»,- ասել է Կիրակոսյանը:
Փորձագետն ասել է, որ այսօր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն ընդհանուր թշնամի՝ օլիգարխները:
Կիրակոսյանի կարծիքով՝ քաղաքական առումով այսօր ամենավատ վիճակում է հայտնվել ԲՀԿ-ն, որը ոչ իշխանամետ է, ոչ էլ ընդդիմություն, գնալու տեղ չունի և բավականաչափ թուլացել է:
Փորձագետն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը՝ նշելով, որ Հովհաննիսյանը փորձում է բոլոր քաղաքական կուսակցություններին ներգրավել քաղաքական գործընթացներիկ մեջ, մինչդեռ ԲՀԿ-ն հուսալքված է և փորձեր է կատարում մնալ քաղաքական դաշտում:
«Իսկ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննսիյանի հանդիպումը մեծ մարտահրավեր էր Սերժ Սարգսյանի համար, որովհետև առաջին անգամ նա հանդիպեց մրցակցի հետ և մրցակիցը ժպտում էր»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: