«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նշել է, որ Հայաստանում վերադարձի հնարավորություն է ստեղծվել, և այժմ կարող է վերադառնալ յուրաքանչյուրը՝ լինի դա աքսորված մտավորական, թե ապերախտ վերլուծաբան: Ընդդիմության առաջնորդը նշել է, որ նման առիթ է ստեղծվել նաև Սահմանադրական դատարանի դատավորների, այդ թվում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար վերջին հնարավորությունն է ճանաչել ժողովրդի հաղթանակը:
Նա ասել է, որ ՍԴ-ն պետք է քննի այն անկախ փորձագետների գնահատականները, որոնք հայաստանյան ընտրությունների մասին իրական գնահատական են հնչեցրել: Օրինակների թվում նա, մասնավորապես, հնչեցրել է Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպության անունը, ինչպես նաև անդրադարձել է ընտրություններին դիտորադական առաքելություն անցկացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Հովհաննիսյանի խոսքով՝ եվրոպացի դիտորդները նույնպես հասկացան իրենց սխալը, ընդունեցին ժողովրդի հաղթանակը և երրորդ միջանկյալ զեկույցում փոխեցին գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ:
«Նկարչությամբ պետք է զբաղվեն միայն նկարիչները, ոչ թե ԿԸՀ-ն», – հայտարարել է Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նաև հիշեցրել է, որ վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սարդարապատ» նախաձեռնության, ինչպես նաև այլ քաղաքական և քաղաքացիական կազմակերպությունների հետ:
«Եթե ՀԱԿ-ը պատրաստ լինի, ես կողջունեմ նաև իրենց հետ համագործակցությունը», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չի եղել:
«Բոլոր հանդիպումներում միևնույն խոսքն է: Ժողովուրդը կերտել է սահմանադրական իր իշխանությունը, որն արվել է առաջին անգամ՝ սկսած 1995 թվականից: Այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու: Ոչ մի նահանջ չի լինելու: Երիտասարդ մի հանրապետական ակնարկ արեց, որ ռուսական բառեր եմ օգտագործում: Հիմա «զադնի» բառի փոխարեն ասում եմ՝ ոչ մի նահանջ չի լինելու», – ասել է ընդդիմության առաջնորդը:
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ նախորդ անգամ հրապարակ է հրավիրել է «երեք գործող, շուտով՝ նախկին պաշտոնյանյաների»:
«Իրենք չուզեցին ժողովրդի հայացքը կիսել, ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, որովհետև գիտեին, որ ես կգնայի ու ժողովրդի պահանջը կներկայացնեի: Մենք այլևս ասելիք չունենք, գործ պիտի անենք: Համալսարաններում, բուհերում, հրապարակում, մարզերում մեր գործը պիտի անենք: Եվ անգամ եղանակի փոփոխություն չի շեղելու մեզ», – ասել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ ժողովուրդը պետք է կանգնի բոլոր այն գյուղապետերի և քաղաքապետերի կողքին, որոնք քավության նոխազ են դարձել և ում մեղադրում են Սերժ Սարգսյանի օգտին ձայներ չապահովելու համար:
«Վախկոտ են, փոխանակ Լիսկային բերեն դատախազության առջև, այդ գյուղապետին են դատում: Արարատի Ջրաշենում մենք հաղթեցինք՝ հիմա գազի խողովակներն են տանում, ասում են՝ հիմա թող Րաֆֆին բերի: Սա՞ է մեր օրենքի իշխանությունը, սա՞ է օրենքը և սահմանադրութունը: Հետո իրենց ուղղեցին, ասացին, որ տրամագիծն են փոխում են, մեծը բերեն: Տեսնենք՝ որն է այդ մեծը: Մենք պետք է կանգնենք այն գյուղապետերի կողքին, որոնք, ՀՀԿ-ական լինելով, ապահովեցին ժողովրդի ձայները: Չարաճճի փոքրիկ հանրապետականներին, որոնք փորձում են Սարսգյանի փոխարեն ինձ նեղացնել, ես մի ասելիք ունեմ՝ «Բարև, բարև, ձեր օրերը հաշվված են, կանգնելու եք օրենքի առջև»:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք օրերի ծրագիրը:
Վաղը՝ մարտի 6-ին, առավոտյան ընդդիմության առաջնորդը հանդիպելու է Եվրամիության դեսպանի հետ, որից հետո մեկնելու է Տավուշի մարզ՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ:
Մարտի 7-ին հանդիպելու է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ, որից հետո մեկնելու է Թալին, Արթիկ, Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ապարան:
Իսկ մարտի 8-ին, ժ.17:00-ին՝ տոնական հավաք է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում՝ ողջունելու կանանց:
«Ով իմ խոսքերի մեջ ծրագիր չի տեսնում, հեգնանքով է խոսում, ինքը տեսնելու է ծրագիր: Մարտի 10-ին այս ծրագրի բեկումը կտեսնի», -ասել է Հովհաննիսյանը: