«Հացադուլից հետո, այս վիճահարույց պահերից հետո՝ բարևել-չբարևելու, ես բարևեցի, որովհետև իմ մեջ կա բարև: Դա նախընտրական կամ հետընտրական բարև չէր, որովհետև դա իմ բնավորությունն է», – այսօր Իջևանում լրագրողների հետ զրույցում խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին, ասել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ եթե առաջին նախագահը ցանկանա հանդիպել, ապա ինքը պատրաստ կլինի:
«Մի քանի անգամներ, որ դիմեցի հացադուլից հետո, նպատակահարմար չէր: Երեկ դիմեցինք, եթե ինքը ցանկանա, ես պատրաստ եմ՝ նույն օրակարգով հանդիպման՝ առանց հետին մտքի, առանց դավային տեսությունների: Ով պատրաստ է ժողովրդի կողքին կանգնել, ոչ թե իմ, ինքը տեղ ունի», – Հովհաննիսյանի խոսքերն է փոխանցում Aravot.am-ը:
Հարցին՝ ի՞նչ արդյունքի եք հասել փետրվարի 18-ից հետո՝ նա պատասխանել է. «Ես արդյունքի չեմ հասել: Ժողովուրդն է արդյունքի հասել, և ավելի մեծ ուժ, քան ժողովրդի ինքնահավատը, ինքնավստահությունը, ինքնաիրավազորությունը չկա: Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ դարձա հայ ժողովրդի հաղթանակի, զարթոնքի մի փոքր մասնակից: Ես պարզապես հավատացի ժողովրդի հաղթանակին: Իմ ներդրումը դա է, որ որ մեկը չէր հավատում՝ ես հավատացի»: