Home / Հայաստան / ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում որևէ լուրջ հարց չի՞ քննարկվել

ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում որևէ լուրջ հարց չի՞ քննարկվել

Երեկ տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը տևել է մոտ մեկ ժամ: Նիստում որևէ լուրջ հարց չի քննարկվել, որոշում չի կայացվել, այդ թվում և Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին առնչվող, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, չնայած այն պնդումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տարբեր պլատֆորմներ են ներկայացվել, թե որ ուղղությամբ պետք է գնա կուսակցությունը, և, ի վերջո, որտեղ է այսօրվա քաղաքական դաշտում ԲՀԿ-ն, որևէ քննարկում այդ ուղղությամբ տեղի չի ունեցել, չնայած ելույթ ունեցողները շատ են եղել:

«Այն բոլոր ելույթները, որոնք կարող էին նման խնդիրներ արծարծել, Ծառուկյանը «նրբագեղորեն» ընդհատել, թեման փոխել է: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ խմբակցության աշխատանքները, ներկայացրած և ներկայացնելիք օրենքները, Վահե Էնֆիաջյանը` երիտթևին առչվող խնդիրներն ու հեռանկարները: Օսկանյանը խոսել է առավել ընդհանրական հարցերի շուրջ, ասել, որ կուսակցությունը պետք է ունենա երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ ծրագրեր, պետք է համախմբված լինի, այնպես չլինի, որ մեկը մի բան ասի, մույսը՝ մեկ այլ: Ծառուկյանն ասել է, որ այսուհետ կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատվությունը դրվում է իր՝ Վարդան Օսկանյանի վրա. «Հաջողությունն էլ է քո անվան հետ կապվելու, անհաջողությունն էլ»:

Ծառուկյանը հանձնարարել է Վահե Հովհաննիսյանին գործադիր մարմին ստեղծելու և ընդհանրապես ԲՀԿ կառուցվածքային նախագիծ ներկայացնել՝ թղթի վրա», – գրում է «Հրապարակ»-ը՝ նշելով, որ ԲՀԿ առաջնորդը խոստացել է մայիսի 2-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալ հաջորդ հանդիպմանը, որը լինելու է մարտի 8-ից հետո: