ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տարածել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալիավինին շնորհակալական նամակը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին՝ ներառյալ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ ունեցած համագործակցությունը և հատկապես երախտապարտ ենք Ձեզ՝ ժամանակ գտնելու և մեզ հետ անձամբ հանդիպելու համար։ Սա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները և գտնելու բացթողումները հաղթահարելու լավագույն միջոցները։
Հաջողություններ եմ մաղթում Ձեզ ապագայում և լավագույն մաղթանքներս Ձեր շատ պատասխանատու գործում», – ասված է Տալիավինիի նամակում։
Նշենք, որ նամակը Վլադիմիր Գասպարյանին ուղարկվել է մարտի 2-ի. նույն օրը ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ը նախագահական ընտրությունների մասին իր երրորդ միջանկյալ զեկույցն է հրապարակել, որն ընտրությունների ընթացքի վերաբերյալ մի շարք մտահոգություններ է պարունակում:
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո ԵԱՀԿ գրասենյակի մոտ (Բաղրամյան 18) մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որոնց ընթացքում ոստիկանները հրել ու քաշքշել են ակցիայի մասնակիցներին և լրագրողներին: Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն էին արտահայտում դիտորդների աշխատանքից: