Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննել է թիվ 17 ընտրատեղամասում (Արարատի մարզ) ընտրախախտումների մասին «Իրավունք Եվրոպա» ՀԿ-ի և այդ կազմակերպության իրավաբան Տիգրան Եգորյանի բողոքները: ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ բոլորը կողմ քվեարկությամբ որոշել է ՀԿ-ի բողոքը մերժել և ուղարկել այն համապատասխան իրավապահ մարմինների, իսկ Եգորյանի բողոքի հիման վրա՝ վարույթ սկսել: Եգորյանը Epress.am-ի հետ զրույցում անտրամաբանական է համարել դիմումներից մեկի ընդունումը, իսկ մյուսի մերժումը, քանի որ դրանք երկուսն էլ նույն պահանջն ունեին՝ պատժել իրավախախտումներ թույլ տված ընտրական հանձնաժողովի անդամներին:
«ԿԸՀ-ն ոչ թե ուղղակի պետք է բողոքը ուղարկի Գլխավոր դատախազություն, ինչը մենք էլ կարող ենք անել և արել ենք, այլ ԿԸՀ-ն պետք է այդ բողոքները քննի այն կոնտեքստում, թե դրանցում քննարկվող խախտումները ինչքանով են ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա»,- ասել է Եգորյանը:
Նշենք, որ նիստին Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ բողոքում ներկայացված տեսաձայնագրությունների մեծ մասը չի պարունակում ընտրախախտումների մասին փաստեր: Ըստ Եգորյանի՝ դիտավորությամբ են ընտրվել նիստին ցուցադրվող լուսանկարներն ու տեսաձայնագրությունները:
«Փորձ է արվել ցույց տալ իբր խախտում չպարունակող տեսաձայնագրությունները, սակայն անգամ դրանց վատ ձայնագրության պարագայում՝ պարզ էր, և ես հայտարարեցի, որ մարդկանց բերում էին խմբերով, ուղորդում քվերակել»,- ասել է Եգորյանը:
Բողոքի կողմը ներկայացնող մյուս իրավաբան Վահե Գրիգորյանը նիստին հայտարարել է, որ զուգադիպություն չի համարում նաև ԿԸՀ-ի որոշ փաստաթղթերում գոյություն ունեցող ժամանակի սխալ նշումը: Խոսքը Եգորյանի ներկայացրած բողոքի հանձնման ժամանակի նշման մասին է. Եգորյանի օրինակում նշված է, որ դիմումը ներկայացվել է 18.00-ին, իսկ ԿԸՀ օրինակում՝ 18.58, այսինքն՝ աշխատանքային օրվա ավարտից հետո:
Ըստ Գրիգորյանի՝ սխալ է նշվել նաև Արտաշատի տեղական ընտրական հանձնաժողովում բողոքների քննության արձանագրության ժամանակը: Նշենք, որ ՏԸՀ-ում նիստը տեղի էր ունեցել փետրվարի 23-ին՝ ժամը 16.00-ին և ըստ արձանագրության՝ դիտորդները ներկայացել են միայն 16.17-ին, երբ երկու օրակարգային հարցերը քննված են եղել:
Դիտորդներն ասել են, որ իրենք հասել են նիստին 16.03-ին, և զարմանալի է, որ երկու ծավալուն հարցեր քննարկվել էին երեք րոպեի ընթացքում: