Մարտի 5-ին Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի մրցաշարից՝ Գերմանիայում պարտվելով Դորտմունդի «Բորուսիային» 0:3 հաշվով:
Գերմանական ակումբն առաջին իսկ րոպեներից կարողացավ թելադրել իր խաղը: Մեկնարկային հատվածում մի քանի վտանգավոր պահ ստեղծելով՝ դորտմունդցիները մի փոքր նվազեցրեցին տեմպը, սակայն հենց այդ ժամանակ էլ կարողացավ բացել հաշիվը: 31-րդ րոպեին Մարիո Գյոտցեն անկյունայինից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, իսկ կենտրոնական պաշտպան Ֆելիպե Սանտանան գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:
Դաշտի տերերն անմիջապես ուժեղացրեցին ճնշումը և 6 րոպե անց ևս մեկ գոլ հեղինակեցին. Լևանդովսկին աջից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, իսկ Գյոտցեն գրավեց Պյատովի դարպասը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին «Շախտյորը» 2-3 վտանգավոր պահ ստեղծեց՝ շնորհիվ փոխարինման դուրս եկած Դուգլաս Կոստայի ջանքերի, սակայն մրցակցի դարպասը չկարողացավ գրավել, իսկ մրցակիցը պատժեց դարպասապահ Պյատովի սխալի համար 59-րդ րոպեին. գոլի հեղինակն էր Յակուբ Բլաշիկովսկին:
Հենրիխ Մխիթարյանն ընդհանուր առմամբ միջին ցածր հանդիպում անցկացրեց, ինչպես նաև իր ողջ թիմը: «Բորուսիան» կարգի առավելություն ուներ, որն էլ նյութականացրեց և արժանիորեն 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղակեսում «Յունայթեդը» վստահորեն պահում էր իրեն ձեռնտու 0:0 հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում անգամ առաջ անցավ հաշվի մեջ Սերխիո Ռամոսի ինքնագոլի օգնությամբ: Սակայն ամեն ինչ փոխեց Նանիի կարմիր քարտը, ով պայքարեց բարձր ոտքով և պայքարի մեջ հարվածեց Ալվարո Արբելոային:
Որոշումը շատերին խիստ թվաց, և արդեն լայն քննարկման առարկա է դարձել անգլիական մամուլում:
Այդ դրվագից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց. «Ռեալը» մեծ ուժերով առաջ նետվեց և կարողացավ 66-ին և 69-ին երկու գնդակ խփել: Առաջին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Լուկա Մոդրիչը, իսկ երկրորդ գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով չտոնեց իր նախկին թիմի դարպասի գտրավումը:
Խաղից հետո «Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը զայրացած հեռացել է՝ հրաժարվելով մեկնաբանել մրցավարի որոշումը, իսկ «Ռեալի» մարզիչը՝ Ժոզե Մուրինյուն հայտարարել է, որ «Յունայթեդը» արժանի չէր նման ճակատագրի: Մուրինյուն ասել է նաև, որ նման դեպքերը մրցավարի հայեցողության վրա են մնում, և կլինեին դեպքեր, երբ մրցավարը նույն խախտման համար կարող էր նաև դեղին քարտ ցույց տալ: