Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր և քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել: Այս մասին իր աղբյուրների վրա հղումով գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ թերթի տեղեկությունների, Սարգսյանը փեսային գործուղելու է Վատիկան, որտեղ այժմ դեսպանը Վիգեն Չիտեչյանն է: Վերջինս Վատիկանի դեպանի պաշտոնը զբաղեցնում է համատեղությամբ, նա նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն է:
«Թե ինչով է պայմանավորված որոշումը, առայժմ թերևս կարելի է միայն ենթադրություններ անել: Չի բացառվում, որ Սարգսյանը որոշել է պատժել փեսային՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների՝ Սերժ Սարգսյանի համար խայտառակ արդյունքների համար: Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Միքայել Մինասյանին դեսպան նշանակելու մասին, պետք է հրապարակվեր երեկ: Սարգսյանի պաշտոնական կայքում, սակայն, այդպես էլ նման տեղեկություն չհայտնվեց: Հավանականություն կա նաև, որ Միքայել Մինասյանին, այնուամենայնիվ, կհաջողվի համոզել աներոջը՝ հետ կանգնել իր որոշումից: Արդյոք Սերժ Սարգսյանն իր որոշման մեջ հաստատուն կլինի, թե Միքայել Մինասյանին կհաջողվի ազդել աներոջ որոշման վրա, պարզ կդառնա առաջիկա օրերին», – գրում է թերթը: