Home / Տեսանյութեր / Օմբուդսմենը կարծիք է հայտնել ոստիկանությունում դրական և բացասական զարգացումների մասին

Օմբուդսմենը կարծիք է հայտնել ոստիկանությունում դրական և բացասական զարգացումների մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է ներկայացնել օմբուդսմենի 2012 թվականի զեկույցի հատվածներ՝ ըստ ոլորտների: Այսօր նա անդրադարձ է կատարել Ոստիկանության գործունեությանը՝ արձանագրելով հետևյալ թերացումները.

– Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

–  Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:

– Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:

– Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:

–  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:

–    2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:

– Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

–   Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:

–    Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:

–  Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:

Օմբուդսմենի կարծիքով՝ ոստիկանության գործունեության ոլորտում գրանցվել են հետևյալ դրական զարգացումները.

– Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը:

– 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:

–  ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն, վերացվել է ճանապարհային երթևեկության կա­նոն­նե­րի խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:

– Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:

 

– Ձեռնարկվել են միջոցներ  համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:

– 2012 թվականի հունիսի 1-ից  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:

– Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: