Նախագահական ընտրությունների օրը Մետաքս թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ «Հրապարակ» և «Ժամանակ» օրաթերթերի լրագրողների` Գայանե Սարիբեկյանի և Մարինե Խառատյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նախօրեին Հատուկ քննչական ծառայություն առերեսման են ներկայացել միջադեպի մասնակիցները՝ լրագրողներն ու նրանց կոպտած անձինք: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը
«Պարզվում է` գլխավոր հերոսը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը, որի ով լինելը լրագրողներին հայտնի է դարձել առերեսման ընթացքում: Վերջինս երկար տարիներ զբաղեցնում էր Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնը և պաշտոնանկ եղավ ոլորտում հայտնաբերված չարաշահումների պատճառով: Փաստորեն, պաշտոնանկ լինելուց հետո Հակոբ Բեգլարյանը, ով շինանյութի բիզնեսով է զբաղված, պարապ չի մնացել՝ զբաղվել է ընտրությունների օրը «անվտանգության» գործառույթներ իրականացնելով իրենց թաղամասի նախընտրական շտաբներում», – նշում է թերթը՝ ընդգծելով, որ գործով առերեսվել է նաև Պետական գնումների աջակցման կենտրոնի ներկայիս ղեկավար Արթուր Առաքելյանը: Թերթը նշում է, որ նա պաշտոնը զբաղեցրել է Բեգլարյանի հեռանալուց հետո, իսկ դա նշանակում է, որ թափուր տեղը դարձյալ Բեգլարյանների մերձավորին է բաժին հասել:
Առաքելյանը միջադեպի ժամանակ ներկա է եղել, բայց ոչ մի գործողություններով աչքի չի ընկել:
Թերթը հիշեցնում է, որ ընտրությունների օրը լրագրողները փորձել են մտնել ՀՀԿ-ի շտաբ, սակայն նրանց մոտեցել է Հակոբ Բեգլարյանը և պահանջել է հեռանալ: Երբ լրագրողները ներկայացել են և ասել է, որ ցանկանում են շտաբում հարցազրույցներ վերցնել, Հակոբ Բեգլարյանը ոչ կոռեկտ բառապաշարով պահանջել է հեռանալ՝ պատճառաբանելով, թե ներսում ղեկավարություն չկա: Միջադեպի ժամանակ խլել են նաև լրագրողների լուսանկարչական սարքերը, որոնք վերադարձնելուց հետո արգելել են նկարել Հակոբ Բեգլարյանին և մյուս ներկաներին, որի մասին փքաստող ձայնագրություն կա: