Վատիկանում ՀՀ դեսպանատուն հիմնելու որոշումը խիստ անսպասելի է եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ, նախնական տեղեկություններով, Վատիկանում դեսպան է նշանակվելու Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը:
«ՀԺ»-ն գրում է, որ որոշման անսպասելիության մասին պնդումը համոզիչ է դառնում, երբ ուսումնասիրվում է որոշման նախագծի հարակից փաստաթղթերը, որոնք ներառված են կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում:
«Դեսպանատունը, ըստ այդ փաստաթղթերի, պետք է բացվի այս տարվա ընթացքում, բայց ՀՀ ֆինանսների նախարարությունը եզրակացություն է ներկայացրել, որ 2013թ. պետբյուջեով Վատիկանում դեսպանատուն բացելու համար գումար հատկացված չէ:
Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայվելու է Հռոմում, որտեղ արդեն իսկ գտնվում է՝ Իտալիայում ՀՀ դեսպանատունը, իսկ ընդամենը այս տարվա հունվարի վերջին Իտալիայում ՀՀ նոր դեսպան է նշանակվել: Այս ամենը, կարծես, հաստատում է այն տեղեկությունները, թե Վատիկանում դեսպանատունը հիմնվում է հատուկ Միքայել Մինասյանի համար, և դա արվում է նրան «պատվավոր աքսոր» ուղարկելու նպատակով՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները տապալելու համար», – գրում է «Հայկական ժամանակ»-ը: