Մարտի 6-ին ևս երկու ակումբներ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ողւերգիր նվաճեցին: Նախորդ օրը հաջողության հասած Դորտմունդի «Բորուսիային» և Մադրիդի «Ռեալին» երեկ միացան ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Յուվենթուսը»:
Երկու դեպքում էլ արդյունքները սպասելի էին. թե՛ «Յուվեն», թե՛ ՊՍԺ-ն հաղթել էին մրցակիցների հարկի տակ:
3:0 հաշվով Գլազգոյում «Սելթիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո իտալական թիմը ևս երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը սեփական հարկի տակ:
ՊՍԺ-ն իսպանական «Վալենսիային» հաղթել էր 2:1 հաշվով, և սեփական խաղադաշտում ընտրել էր խաղը սառեցնելու մարտավարությունը: Ողջ հանդիպումն անցավ գրեթե առանց գոլային պահերի, սակայն 55-րդ րոպեին «Վալենսիայի» հարձակվող Ժոնասը միջին տարածությունից հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը և որոշակի ինտրիգ հաղորդեց հակամարտությանը: Սակայն այդ ամենը տևեց ընդամենը 11 րոպե, երբ ֆրանսիական թիմի արգենտինացի հարձակվող Էսեկիել Լավեցին հավասարեցրեց հաշիվը:
Մնացած ժամանակի ընթացքում ՊՍԺ-ն կարողացավ պահել իրեն ձեռնտու 1:1-ը: Մեծ հաշվով ֆրանսիացիների խաղը հերթական անգամ չտպավորեց, ինչպես հաճախ է եղել այս մրցաշրջանում, սակայն քաթարցի մեծահարուստ Նասեր Ալ Խելաիֆիի ահռելի ֆինանսական ներդրումներն արդեն որոշակիորեն արդարացվում են, քանի որ ՊՍԺ-ն առաջին անգամ 21-րդ դարում դուրս եկավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ: