Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքաներում դասադուլ կազմակերպող նախաձեռնության Faceboook սոցիալական ցանցի էջը հայտարարում է, որ դասադուլին մասնակցող ակտիվստների վրա ճնշումներ են կիրառվում:
«Համակարգը կրկին գործի է անցել: Դրա մասին բարձրաձայնողների թիվը շատանում է, իսկ ինչքան այդ խնդիրները շատ են հանրայնացվում, այնքան ավելի պաշտպանված է այն քաղաքացին, ում նկատմամբ կիրառվում են այդ մեթոդները, ում նկատմամբ հնչել են սպառնալիքներ թաղայինի, ոստիկանության կամ այլ պետական կառույցների ներկայացուցիչների միջոցով: Ցանկացած սպառնալիք ձեր նկատմամբ պետք է անմիջապես հրապարակվի, մի փորձեք երկխոսության մեջ մտնել ոստիկանների հետ, մի զրուցեք, մի պատասխանեք հարցերին, պահանջեք՝ թող ներկայանան, և միմիայն պաշտոնական ծանուցագիրը ստանալուց հետո և միայն փաստաբանի ներկայությամբ այցելեք ոստիկանություն»,- ասված է էջում տեղադրված հայտարարության մեջ:
Facebook սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիական ակտիվիստ Արման Յարալյանը գրել է, որ իր հարազատներին ԱԱԾ աշխատակցիները հորդորել են, որպեսզի Արմանին դրդեն հրաժարվել քաղաքացիական պայքարին մասնակցելուց, այլապես կսկսեն հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ:
«Նույնքան հրապարակավ ասում եմ՝ եթե հանկարծ ինձ հետ ու բոլոր նրանց հետ, ում արդեն փորձել են վախեցնել, մի բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ԱԱԾ կոչվածի վրա: Ես կփորձեմ առաջին ձեռքից ճշտել այն անձնավորության կոնկրետ ով լինելը, որ փորձել է ահաբեկել ինձ և բոլոր այն երիտասարդներին ովքեր ակտիվ պայքարի մեջ են: Պարոնայք, ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ սա Սովետ չէ, ու քաղաքացիների հետ, հատկապես իրավագիտակից քաղաքացիների հետ այդպես փնթի չեն վարվում»,-գրում է Յարալյանը: