Փաստորեն, Կառավարությունը մոտ 20 օր չարչարվում էր Շիրակի մարզպետ գտնելու հարցում: Դժվար է եղել գտնել հարմար թեկնածու, եղածները հրաժարվել են, հասել են ԱԱԾ գեներալ-լեյտենանտին: Մեկնաբանելով երեկ Շիրակի մարզի նոր մարզպետի՝ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը՝ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Գյումրիի «Ասպարեզ ժուռնալիստների ակումբ»-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նա ափոսոանք է հայտնել, որ Շիրակի մարզպետ նշանակելը տեղի է ունեցել ԱԱԾ-ի հաշվին՝ նկատի ունենալով, որ Կառավարությունը պետք է որ հիմքեր ունենար որոշել ԱԱԾ-ն պետի տեղակալ գեներալ-լեյտենանտին ուղարկել մարզպետի՝ մի հասարակ վարչական աշխատանքի:
«Եթե ձեռները հնար լիներ, երևի մարզը լուծարեին և Գյումրու մեջտեղով կիսեին միացնեին կեսը՝ Լոռու, մյուս կեսը՝ Արագածոտնի մարզերին», – կատակել է Բարսեղյանը:
Վերջինս խոսել է նաև նոր մարզպետի անձի մասին:
«Ցոլակյանը, ինչքան ինձ է հայտնի, բարի համբավ և լավ վարկ ունի Գյումրիում: Ճիշտ է պաշտոնը մարդուն փոխում է, բայց մինչև չտեսնենք աշխատանքը, գնահատել չենք կարողանա: Ամենայն հավանականությամբ շատ լավ գիտի և՛ իր իրավասությունները, և՛ այն ռիսկերը որոնց մեջ նրան իր համաձայնությամբ դնում է Կառավարությունը: Մեր առաքելությունն է հսկել ու աչալուրջ լինել իր աշխատանքի նկատմամբ», – ասել է Բարսեղյանը: