Կիրակի օրը՝ մարտի 10-ին, ժ.17:00-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու հատուկ հայտարարությամբ: Այս մասին նա ասել է Ազատության հրապարակում կայացած այսօրվա հանրահավաքի ժամանակ:
«Լինի մեկ հոգի, թե հազար, թե միլիոն, հանդես եմ գալու հատուկ հայտարարությամբ, որը ցույց կտա ապագա ճանապարհը: Դրանից հետո իմ կողմից հարգված Սերժ Սարգսյանը, որը գործող նախագահ է մինչև ապրիլի 9-ը, պետք է ոչ թե ինքնաբացարկ հայտնի, այլ ինքը պետք է խնդրի ժողովրդից, որ թույլ տան՝ հրաժարական տա», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ շատերը այս շարժումն անկանոն և անծրագիր են անվանում, սակայն այն անկասելի է. «Կարող է՝ անկանխատեսելի է, բայց անկասելի է»:
Հովհաննիսյանը նաև ասել է, որ կիրակի օրը «Ժառանգության»ներկայացուցիչները մեկնելու են Սյունիքի մարզ:
«Մեր գործընկերները լինելու են պարոն Լիսկայի (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խարատրյան – խմբ.) հետ: Զարուհի Փոստանջյանը և մեր այլ գործընկերները գնալու են Կապան և պահանջելու է հայ ժողովրդի ազատագրումը:
Վախկոտ դատախազները, գյուղապետերը, մարզպետերը պետք է հրաժարական տան, այլ ոչ թե գործ հարուցեն Ծավ գյուղի գյուղապետի դեմ, ով ապահովեց ժողովրդի ձայնը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը (Ծավ գյուղում Հովհաննիսյանը հաղթել է Սերժ Սարգսյանին – խմբ):
Ընդդիմության առաջնորդը նաև հայտնել է, որ մարտի 10-ին «Ժառանգության» այլ ներկայացուցիչներ գնալու են «պրն. Աբրահամյանի (ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան – խմբ.) մեյդան՝ Արտաշատ, ասելու, որ սա մեր քաղաքն է, մեր երկիրն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի արված հայտարարությունը, թե «Րաֆֆին մանկական երազանք ունի նախագահ դառնալ»:
«Ողջունենք Գալուստ Սահակյանին կանանց տոնի կապակցությամբ: Չգիտեմ՝ նրա երազանքն ինչ է, բայց իմ երազանքն այն է, որ ես պետք է ապրեմ այնքան, որ տեսնեմ, որ մեր երկիրը ազատ է, անկախ է ու միացյալ», – ասել է Հովհաննիսյանը:
Իր ելույթի վերջում նա դիմել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Պաշտպանության նախկին փոխնախարար ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանին, ով հայտարարել էր, որ Ազատության հրապարակում հավաքվածները Ղարաբաղի անվտանգության հետ են խաղում:
Հովհաննիսյանն Աղաբեկյանին կոչ է արել չսպառնալ, քանի որ, նրա խոսքով, Ազատության հրապարակում ընթացող պայքարը ոչ միայն հայաստանցիների, այլև Սփյուռքի և Արցախի միասնական պայքարն է: