Անուշադրությամբ ընկերոջը վնասվածք հասցրած Կարեն Անանյանի քրեական գործը դատախազությունում կազմվել է լուրջ խախտումներով և այժմ էլ դատարանում շարունակում է քննվել արդար դատավորության իրավունքի ոտնահարմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Անանյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Գործը վերաբերում է 2011 թվականի ամռանը տեղի ունեցած պատահարին, երբ Կարենը հանդիպել է ընտանիքի կնքահորը՝ Արսեն Պեպանյանին, կիսվել երրորդ երեխան ունենալու ուրախալի լուրով և տեղեկացրել, որ գնալու է որսի, և ցույց տալով հրացանը՝ անզգուշությամբ կրակել է՝ վնասելով Պեպանյանին:
Այժմ Անանյանը մեղադրվում է Պեպանյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, ինչը սպառնում է 3-8 տարի ազատազրկմամբ, մինչդեռ Անանյանի պաշտպանը պահանջում է մեղադրանքը փոխել անզգուշությամբ վնասվածք հասցնելու հոդվածով, որը ենթադրում է միայն տուգանք:
Արա Զաքարյանը լրագրողներին ասել է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը կամայականորեն է քննում բերված միջնորդությունները և տպավորություն է ստեղծում, որ դատարանը հերթական անգամ նոտարական գրասենյակի ֆունկցիա է կատարում և նպատակ ունի քննիչի մեղադրանքը վերածել դատավճռի:
Զաքարյանը ներկայացրել է միջնորդություն՝ դատաբժշկական և քրեադիտական նոր փորձաքննություններ անցկացնել և փոխել խափանման միջոցը:
Ըստ պաշտպանի՝ տուժողի մարմնից հանված մանրափամփուշտը վկայում է, որ կրակոցը չի արձակվել Պեպանյանի ուղղությամբ, այլ անդրադարձ է կատարվել, և այն հայտվել նրա որովայնում: Դատավորը, սակայն, անտեղի է համարել բերված փաստարկները և նոր փորձաքննությունների մասին միջնորդությունները մերժել է:
Պաշտպան կողմը նաև պահանջել էր կալանքի տակ դնել ընկանիքի երկու բնակարանները և ազատել Անանյանին, քանի որ նա հանդիսանում է երեք մանկահասակ երեխաների, կնոջ, հաշմանդամ մոր ու քրոջ միակ խնամակալը:
«Այս գործը նաև անհարկի ու աննախադեպ ձգձվում է՝ դատավորի պատճառով: 9 ամսվա մեջ ընդամենը 10 նիստ է գումարվել»,- ասել է Զաքարյանը:
Ասուլիսին ներկա էր նաև Անանյանի կինը՝ Նելլի Առաքելյանը: Նա ասել է, որ գործով տուժող Պեպանյանը ֆինանսապես օգնել է ընտանիքին, սակայն այլևս չի կարողանում օգնել, քանի որ ինքն էլ հանդիսանում է երեք երեխաների միակ խնամակալը:
Նշենք, որ տուժողը Անանյանի դեմ բողոք չէր ներկայացրել: