Home / Հայաստան / Կոռուպցիա, հովանավորչություն, ոտնահարված իրավունքներ. ՄԱԿ-ին նամակ են գրել հայկական բանակի մասին

Կոռուպցիա, հովանավորչություն, ոտնահարված իրավունքներ. ՄԱԿ-ին նամակ են գրել հայկական բանակի մասին

Հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինծառայողների մայրերը՝  Անահիտ Մկրտչյանը,  Գոհար Սարգսյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը և Իրինա Ղազարյանը, նրանց միացած «Ժողովրդավարությունն այսօր» հկ-ն իրենց խորին մտահոգությունն են հայտնել հայկական բանակում ստեղծված իրավիճակի առթիվ: Մտահոգությունների մասին նրանք նամակով տեղեկացրել են ՄԱԿ-ի Կանանց հարցերով պատասխանատու Միշել Բաշելեին: Նամակն ուղարկվել է Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին:

«Ընդունում ենք բանակի կենսական նշանակությունն այնժամ, երբ Հայաստանը փորձում է դիմագրավել առկա արտաքին վտանգներն ու իր անվտանգությանն ուղղված մարտահրավերները: Շատ լավ հասկանում ենք նաև, որ անվտանգությունը բանակում, այդ կառույցում մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մեր զինվորների արժանապատվությունը և բարեկեցությունը՝ ուժեղ, այդ վտանգներին ու մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ երկիր ունենալու նախադրյալներն են:

Ընդամենը մի քանի թիվ մեջբերենք. ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, հայկական բանակում 2012թ.-ին 49 հայ զինվոր է զոհվել, որից միայն 12-ն է՝ 1994թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի խախտման արդյունքում:

11 ինքնասպանություն, զենքի հետ անզգույշ վարվելուց՝ 1 զոհ, 15 մահ՝ դժբախտ պատահարներից, 6 զինվոր մահացել է առողջական խնդիրներից և ոչ պատշաճ բժշկական օգնության արդյունքում, մեկ սպանություն և 3 մահ՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Այս մահվան դեպքերի պատճառ դարձած 39 պատահարներից միայն 15-ի ժամանակ է, ինչպես պահանջում է օրենքը, ինֆորմացիայի տարածման աղբյուրը եղել ՀՀ ՊՆ-ն:

Ինքնասպանություն որակված 3 դեպքերում ակնհայտ են եղել բռնության հետքերը: 49 երիտասարդի մահվան արդյունքում մի քանի սպա է պատժվել ընդամենը, արժանիորեն չի պատժվել ոչ-ոք», – նշում են որդեկորույս մայրերը:

Նրանք նշում են, որն Հայաստանում բոլորը հասկանում երկրի անվտանգության ապահովման գործում բանակի կարևոր նշանակությունը, այդ իսկ պատճառով մարդիկ շատ դեպքերում ներում են մարդու իրավունքների խախտումներն այնտեղ:

«Անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակն ու անընդհատ արտաքին սպառնալիքները, պատերազմի ուժգնացող վտանգը ստիպում են մարդկանց լռության մատնել բանակում մարդու իրավունքների անհանգստացնող վիճակը: Հավատացած ենք, որ ժողովրդի իմաստությունը, իրենց երկրի համար պատասխանատվություն զգալը իշխանությունները երբեք չպետք է օգտագործեն այլ նպատակներով, այլ երաշխավորելու են թափանցիկությունն ու չեն սահմանափակելու քաղաքացիական վերահսկողությունը բանակի նկատմամբ», – նշված է նամակում:

Հեղինակներն ընդգծում են, որ բանակը վերածվել է երկրի ամենակոռումպացված կառույցներից մեկի:

«Կոռուպցիան թափանցել է բանակի բոլոր մակարդակները, սկսած զորակոչից՝ վերջացրած գնումներով և մատակարարմամբ, իսկ այս բոլոր մակարդակներում ներգրավված է քրեական տարրը, որը բարձր վարկանիշ է վայելում Հայաստանում և, իշխանություն ունեցողների կողմից հովանավորվելու դեպքում, նաև անպատժելի է: Այն, որ այլ կառավարական օղակները ևս թաղված են կոռուպցիայի մեջ, դատական համակարգն էլ անկախ չէ՝ ընդհանրապես անհնարին է դարձնում զինծառայողների և քազաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնումը:

Այսօր մենք կոչ ենք անում բոլոր կանանց, թե՛ Հայաստանում, թե՛ այլուր, միավորել ջանքերն ու վերջ տալ բռնություններին բանակում: Կոչ ենք անում կանանց և մայրերին երբեք չհանձնվել խաղաղության, մարդու արժանապատվության և մարդկային կյանքերի համար իրենց պայքարում՝ ցանկացած մշակույթում, մի՛շտ, լինի դա պատերազմի, խաղաղության, թե՝ հրադադարի ժամին: Մենք միմյանց կարիքն ենք զգում՝ կանգնեցնելու համար բռնություններն ու սպանությունները», – եզրափակում են նամակի հեղինակները: