Այսօր Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրել է ԿԸՀ-ի դեմ բողոքի հիմքերը:
Ներկայացուցիչը, հղում կատարելով դատարանին մարտի 4-ին ներկայացրած փաստերին, խոսել է բազում ընտրախախտումներից և մեղադրել է ԿԸՀ-ին անգործություն ցուցաբերելու մեջ: Մեժլումյանը հիշեցրել է, որ թեև կուսակցությունները, դիտորդական կազմակերպությունները և ԶԼՄ-ները արձանագրում են խախտումները, սակայն պետությունը՝ ի դեմս ԿԸՀ-ի, պարտավորություն ունի ապահովել ընտրությունների ընթացքը: Հովհաննիսյանի ներկայացուցիչը նաև մեղադրել է ԿԸՀ-ին դիտորդական կազմակերպությունների բողոքների քննությունը դիտավորյալ սխալ կազմակերպելու և ի վերջո բողոքները մերժելու մեջ: Նա հիշեցրել է, որ ԿԸՀ ներկայացրած դիտորդների կատարած բազում նկարահանումներից հանձնաժողովի նիստին ցուցադրվել է այն հոլովակը, որում խցիկը սխալմամբ միացված թողնելու արդյունքում նկարահանվել է պատը:
Մեժլումյանը՝ ի թիվս այլ խախտումների, մատնանշել է այն, որ Սերժ Սարգսյանի նախընտրական 1600 շտաբերը, խախտելով օրենքը, քարոզչամիջոցներ՝ նկարներ, կարգախոսներ են ունեցել շտաբերի պատերին, որոնք նաև տեղակայված են եղել պետական մարմինների զբաղեցրած շենքերում: Հովհաննիսյանի իրավական խորհրդատուն նաև հղում է կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը հաղթել է այն ընտրատեղամասերում, որտեղ մասնակցությունը բարձր է եղել:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, լսելով բողոքը, հայտարարել է, որ տպավորություն ունի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչն ուշադրություն չի դարձրել 2005թ. սահմանադրական բարեփոխումներով ՍԴ-ի իրավունքները սահմանափակելու փաստի վրա: Գագիկ Հարությունյանն ասել է, որ վարչական դատարանի ակտերը ՍԴ-ն վերացնելու իրավունք չունի:
Նիստը վարող դատական կազմի անդամ Ֆելիքս Թոխյանը, լսելով բողոքը, նշել է, որ կողմը 120 ընտրատեղամասերի արդյունքների մասով կասկածներ ունի, ինչը կազմում է քվեարկողների թվի մոտ 5%-ը, և նույնիսկ եթե հայցը բավարարվի, դա չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա, այլ ընդամենը հաղթած թեկնածուի 58%-ը կարող է դառնալ 57% կամ 56%:
Այս դիտարկմանը պատասխանել է Հովհաննիսյանի մյուս ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը՝ հայտարարելով, որ դատավորն իր կարծիքն է հայտնում:
Թոխյանի այն հարցին, թե ինչու կողմը չի բողոքարկել և վերահաշվարկ չի պահանջել յուրաքանչյուր տեղամասում՝ Փոստանջյանը պատասխանել է, թե թեկնածուն ֆիզիկապես չէր կարող 6 ժամվա ընթացքում հասցներ բոլոր 120 տեղամասեր գնալ և դիմումներ գրեր: