«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը քիչ առաջ Սահմանադրական դատարանում միջնորդել է, որպեսզի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը հանդես չգան որպես Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձինք, քանի որ նրանք պետական պաշտոնյաներ են, և դա կարող է դիտվել որպես ճնշում դատարանի վրա: Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժել է:
Նման միջնորդություն է ներկայացրել նաև նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ պահանջելով, որ որպես պատասխանող կողմ հանդես գա հենց Սերժ Սարգյանը: Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը դատարանը դեռ քննարկում է:
Ընդմիջման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հրայր Թովմասյանը նշել է, որ իր ներկայությունը դատարանի վրա ճնշում չի համարում: Նրա խոսքով՝ ինքը հանդես է գալիս որպես իրավաբան և այժմ էլ գտնվում է արձակուրդի մեջ, որը կավարտվի հինգշաբթի:
«Ես խանութ գնալուց Արդարադատության նախարար չէմ», – ասել է Թովմասյանը:
Այս պահին նիստը շարունակվում է: