ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է 2012 թվականի իր զեկույցի՝ Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հատվածը:
Օմբուդսմենը Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում հետևյալ թերացումներն է արձանագրել.
– Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ (նշենք, որ ՄԻ պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ անուններ չեն նշվում- խմբ.):
– Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:
– 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների և/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:
– Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետևանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:
– Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:
– ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:
– Արձանագրվել են հարկային և մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի և վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:
ՄԻ պաշտպանը նաև դրական զարգացումներ է արձանագրել.
– Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հարկային հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաև բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:
– Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ուուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
– 2012 թվականին վերափոխվել են հարկային և մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ: