ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ` երբեք հետընտրական այսպիսի զարգացումներ Հայաստանում չեն գրանցվել:
«Թեկնածուներից մեկը կրակված հիվանդանոցում է, թեկնածուներից մեկը Կագեբե-ի պադվալում է, թեկնածուներից մեկը մի կերպ հացադուլից դուրս եկավ, թեկնածուներից մեկն էլ հացադուլի է նստել բողոքարկելու առումով, թեկնածուներից մեկն էլ չընտրված Բաղրամյան 26-ում է : Այսպիսի կաշկալամաշ, խառնաշփոթ անգամ երեւակայելն է դժվար», – Մանուկյանի խոսքերն է փոխանցում Aravot.am-ը:
Արամ Մանուկյանը դժվարացել է ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը իրավիճակ կփոխի՞,թե՞` ոչ. «Չգիտեմ: Հացադուլը ծայրահեղ, ռիսկային, վտանգավոր միջոց է»: Նրա խոսքով, երբ զգա, որ հացադուլը արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքին է վտանգ ներկայացնում, ինքն անձամբ կդիմի պարոն Հովհաննիսյանին` նման քայլի չգնալու առաջարկով. «Եթե ինձնից կախված լիներ, կխնդրեի դուրս գալ»:
Լրագրողի դիտարկմանը` միգուցե խոսի Սերժ Սարգսյանի հետ, Արամ Մանուկյանն ասել է` ինչի՞ համար, անիմաստ է: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հետ ոչ թե բանակցել, համոզել կամ խոսել է պետք, այլ ստիպել. «Աշխարհը մեթոդներ ունի, փառք Աստծո, մենք էլ փորձ ունենք… մեթոդները կան, եկեք չմանրացնենք: Ցանկացած առաջնորդ պարտավոր է իր թիմը ղեկավարել, խորհրդակցել քաղաքական ուժերի հետ եւ որոշումներ կայացնել ու արդյունքում ճնշում գործադրել իշխանությունների վրա»:
Եթե շարժումը դուք ղեկավարեիք, կգնայի՞ք Բաղրամյան 26, հարցին՝ պարոն Մանուկյանը պատասխանել է. «Մենք շատ ակտիվ չենք, ինչպես տեսնում եք, բայց այս պահին ժողովրդի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ու չեմ փորձի իր քայլերը ուղղորդել կամ խոչընդոտել… Ճնշման այս դոզայով չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կընկրկի, ամենևին չի ընկրկի: Նա այն քաղաքակիրթ ղեկավարը չէ կամ այսօրվա իշխանությունը քաղաքակիրթ մեթոդներով շատ հանգիստ երկխոսությունների չի գնա: Մենք երկխոսության գնացինք ստիպելով, ժողովրդին հրապարակում պահելու ուժի հաշվին գնացինք երկխոսության, դու պետք է ստիպես, որ ինքը գա երկխոսության: Այլ կերպ, կեղծիքով, մարտի մեկով եկած իշխանավորը, այսպիսի գռեհիկ մեթոդներով իշխանություն պահող իշխանությունը երբեք քաղաքակիրթ մեթոդով քո հետ չի խոսի»: Հարցին՝ ՀԱԿ-ը կոշտ էր, ինչ արդյունք գրանցվեց, պարոն Մանուկյանն ասաց` շնորհակալություն ու հեռացավ: