«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերջին օրերին ակտիվորեն զբաղվում են Երևանի ավագանու ընտրությունների խնդիրներով: «Հրապարակ» օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, մի շարք մանրամասներ է ներկայացնում ներկուսակցական անցուդարձից:
Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս՝ ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը:
«Ըստ մեր աղբյուրների՝ ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականն զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, որը, ի դեպ, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր որոշակի մեքենայությունների հետ կապված կասկածների հողի վրա, ինչն այդպես էլ չբարձրաձայնվեց ու իրավական տեսք չստացավ: Նրա որդին այժմ զբաղեցնում է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը: Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, մաքսիմում ծրագրով՝ հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ, այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, որովհետև Վարդան Օսկանյանն ընդամենը ցուցակը ղեկավարելու համար է առաջին հորիզոնականը զբաղեցրել: Եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն ձևավորել, ապա մինիմում ծրագրով կփորձի քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել նույն Աբրահամ Մանուկյանին», – գրում է թերթը:
Թե ինչ այլ գործիչներ են ցուցակում ընդգրկված լինելու, ԲՀԿ-ում պաշտոնապես լռում են: Թերթի աղբյուրների պնդմամբ՝ ոչ մի հայտնի անուն չկա:
«Հանձնարարվել է տարածքային կառույցների ղեկավարներին՝ ցուցակներ ներկայացնել: «Ամեն համայնք քվոտա ունի»,- բացատրել է թերթի զրուցակիցը:
Արդեն 2 օր է՝ ԲՀԿ-ում ցուցակներ տանել-բերելու վազքի մեջ են: Մի սկզբունք էլ է հստակեցվել՝ ընտրություններից հետո ով ինչպես է աշխատել, որքան ձայն ապահովել, ըստ դրա էլ կանցնի համապատասխան աշխատանքի քաղաքապետարանում կամ վարչական համայնքներում», -եզրափակում է թերթը: