Home / Տեսանյութեր / Կլինի՞ միասնական ցուցակ. սպասում են Հրանտ Բագրատյանին

Կլինի՞ միասնական ցուցակ. սպասում են Հրանտ Բագրատյանին

«Ազատություն» կուսակցությունը «Հայաստանի կանաչների կուսակցությանը» դիմել է առաջարկով` Երևանի ավագանու ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով: Նշված երկու կուսակցությունները ՀԱԿ անդամ են: Նախագահական ընտրություններից առաջ «Ազատություն» կուսակցությունը հայտարարել էր, որ սառեցնում է հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Չնայած ՀԱԿ-ը չսատարեց որևէ նախագահի թեկնածուի, սակայն «Հայաստանի կանաչների կուսակցությունը» պաշտպանեց  «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ասել է, որ առայժմ ոչինչ ասել չի կարող, քանի որ Հրանտ Բագրատյանը երկրում չէ:

«Մեկ շաբաթից կվերադառնա, քննարկումներ կսկսենք այն ժամանակ շատ բան պարզ կդառնա, և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Ինչ վերաբերում է միավորման նպատակին, ապա նշեմ, որ «Կանաչների կուսակցությունը» բնապահպանական կուսակցություն է և իր գործունեությամբ Հայաստանում բավականին հայտնի, ուստի կարծում եմ, որ, համագործակցությունը կլինի արդյունավետ», – ասել է մամուլի խոսնակը:

«Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանն էլ կայքի հետ զրույցում ևս նշել է, որ սպասում են Բագրատյանի վերադարձին:

«Մենք ունենք կոնկրետ մոտեցումներ, որոնց  շուրջ է նպատակահարմար համախմբումը: Իսկ համախմբման արդյունքում ավելի են մեծանում հնարավորությունները»:

Դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ չեն միանում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը և ինչո՞ւ մինչև այս պահը ընդդիմադիր դաշտի միավորում տեղի չի ունեցել, Արմենակ Դովլաթյանը պատասխանել է. «Նման հարց առայժմ չի քննարկվել: Ընթանում են տարբեր բանակցություններ և հանդիպումներ, այնպես որ հնարավոր է  և պահի տակ ընդդիմադիր ճակատի միավորում լինի: Անհնար բան չկա, հնարավոր է և դա էլ լինի»: