Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը անկախ Հայաստանի բոլոր շարժումների ժառանգորդն է՝ սկսած 1991 թվականից մինչև 2008 թվականը և Մարտի 1-ը, ու հենց դա էլ շարժման հաղթանակի գրավականն է:
Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը՝ Հովհաննիսյանը, ով վիճարկում է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
«Ես միայն ուժ եմ ձեզ տալու որպես ձեր համաքաղաքացի, և դա եմ պահանջում ձեզանից: Ամեն մեկս պայքարի իր բաժինը պետք է տանի»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Այն հարցին, թե արդյոք ակնկալում է, որ Սահմանադրական դատարանն իր ներկայացրած բողոքը կընդունի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ ՍԴ-ն ունի եզակի, եթե ոչ վերջին հնարավորություն իր հետագիծը մաքրելու և պետք է հույս ունենալ, որ այն նախադեպային վճիռ կհրապարակի և չի արդարացնի ակնհայտ կեղծված ընտրությունների արդյունքերը:
Անդրադառնալով ոստիկանության որոշմանը՝ թույլ չտալ Ազատության հրապարակում հացադուլ անող թեկնածուի համար վրանի տեղադրումը՝ Հովհաննիսյանը հիշեցրել է իր նախորդ հացադուլը` ծոմը (2011 թվականի մարտին), երբ քաղաքապետարանը վրանի տեղադրում թույլ է տվել միայն ծոմի 10-րդ օրը:
«Ոչ մի վրան չեմ խնդրել, ես չեմ ուզում բախում, եթե լինելու է սադրանք, դա լինելու է դիմացի մայթից, ոչ թե մեզանից», – ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն իր կարծիքն է հայտնել նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկին: «Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ շատ շուտով Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ուստի հիմա մանդատներից հրաժարվելը ժամանակի ընտրության տեսակետից երկրորդական է, որովհետև «մենք համակարգային լուծումների ենք գնում»: