Կարիք չկա ընտրությունների պաշտոնական արդյունքներին վերաբերող բողոքի նկատմամբ մեխանիկական մոտեցում ունենալ և սևեռվել նրա վրա, թե ինչքան հիմնավոր է բողոքը և դրա պատասխանները, քանի որ կարևորն այս դեպքում հասարակական ընկալումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան, իրավաբան Արտակ Զեյնալյանը, ով Սահմանադրական դատարանում հետևում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի բողոքների քննարկմանը: Հիշեցնենք, որ վերջիններս վիճարկում են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
«Ոչինչ չի փոխվում Հայաստանում, այս անգամ ևս հայաստանցիների ընկալմամբ պաշտոնական տվյալները չեն արտացոլումյ ընտրությունների արդյունքները»,- ասել է Զեյնալյանը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանի և Կարեն Մեժլումյանի խնդիրը չէ ապացուցել, թե ընտրությունները կեղծվել են, եթե հասարակության համար դա արդեն այդպես է: Այնուհանդերձ Զեյնալյանն ասել է, որ ՍԴ ներկայացվելիք բողոքը պետք է սկսել պատրաստել ավելի վաղ, քան թեկնածուների առաջադրումն է սկսում:
Իրավապաշտպանը հիշեցրել է, որ նախորդ ընտրություններին ՍԴ ներկայացրած բողոքների կազման մեջ ինքը մասնակցություն է ունեցել է՝ մեկնաբանելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի այն խոսքերը, թե այն ժամանակ բողոքներն ավելի հիմնավոր էին, քան Րաֆֆի Հովհաննիսյանինը հիմա: Զեյնալյանի խոսքով՝ եթե նույնիսկ դա օբյեկտիվ գնահատական է, այնուամենայնիվ, ՍԴ-ի որոշման վրա ազդեցություն չի ունեցել:
«Մեզ հիմա ասում են՝ 1 միլիոն 600 հազար մասնակցություն է եղել. դա խփած թիվ է»,- ասել է Զեյնալյանը: