Համագործակցությունը ոչ թե հանդիպումներում է դրսևորվում, այլ հրապարակում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան»-ի հետ հնարավոր համագործակցության մասին հարցը:
«Մենք ողջունում ենք բոլորին, ովքեր ժողովրդի մեջ են, այլ ոչ թե կողքից են նայում: Այսօրվա պայքարը համազագային է, սա «Ժառանգության» խնդիր չէ, որ ասենք՝ ում հետ պատրաստ ենք համագործակցել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ, համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանի, այսուհետ կուսակցական պայքար չի լինելու:
Լրագրողները, սակայն, «Ժառանգության» փոխնախագահին կրկին հարց են ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև «կոնսուլտացիայի» մասին, ինչին Մարտիրոսյանը պատասխանել է, որ դա կոնսուլտացիա չէր, այլ սովորական հանդիպում, ստեղծված իրավիճակի շուրջ տեսակետների փոխանակում:
Կրկին անգամ հնչեցված հարցին՝ «Ի՞նչ տվեց ձեզ այդ հանսիպումը», Մարտիրոսյանն արձագանքեց՝ «Իսկ դուք ի՞նչ էիք սպասում»:
Մեկնաբանելով ԲՀԿ-ի՝ ժողովրդի կողքին լինելու մասին հայտարարությունը՝ Մարտիրոսյանն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր ժողովրդի կողքին են, պետք է լինեն հրապարակում:
«Ժողովուրդը պետք է ինքը տեսնի», – եզրափակել է Մարտիրոսյանը: