Հայաստանի Հանրապետությունում 1995թ. ի վեր ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի նորգաղութային շահերը սպասարկող ապազգային պետական կառավարման համակարգի և նրա միջուկը կազմող հանցավոր վարչախումբի վերարտադրության միջոցառումների: Այս մասին ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
«Նույնիսկ նախագահական «ընտրություններում», որոնց ժամանակ օրինաչափորեն արձանագրվում է ժողովրդի մոբիլիզացիայի և պայքարի ուժգնության շատ ավելի բարձր մակարդակ, հնարավոր չէ հաղթահարել ընտրակեղծիքի մեխանիզմը: Միևնույն ժամանակ հարկ է փաստել, 2013 թ. նախագահական «ընտրությունների» ընթացքում ձևավորվել է աննախադեպ մի երևույթ: Այս անգամ բարձրացած ընդվզման ալիքը հետևանք չէ միայն կեղեքման դեմ հերթական պոռթկման: Ժողովուրդն իրեն բնորոշ ներքին իմաստնությամբ գիտակցում է, որ այսպես շարունակվելու դեպքում «ընտրությունների» հաջորդ հնգամյա փուլի համար երկիրը կարող է դիմադրության բավարար ռեսուրս չունենալ, ուստի իր ընդվզման մեջ նաև գոյատևման պայքարի ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին:
Հայ ժողովրդի այս ընդվզման որակը հուշում է, որ դրա ճիշտ ուղղորդման և կազմակերպման դեպքում ոչ միայն հնարավոր է մեր երկիրը հանել քաղաքական փակուղուց ու վերականգնել նրա ինքնիշխանությունը, այլև հասնել համազգային զարթոնքի և կառուցել նոր որակի հայկական պետություն», – նշում են հայտարարության հեղինակները:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը փաստում է, որ պետք է կատարել քաղաքական փակուղուց դուրս գալու առաջին կազմակերպական քայլը, ինչպիսին կարող է լինել միայն պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային համակարգի ձևավորման գործընթացի մեկնարկը:
«Այդ նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ժողովրդական ընդվզմամբ առաջացած ներկայիս մոբիլիզացիայի աննախադեպ հնարավորությունից և ուժերը չվատնել կանխորոշված ելքով հերթական, այս անգամ արդեն՝ Երևանի ավագանու «ընտրությունների» վրա:
Ժամանակն է ինքնակազմակերպվելու և միահամուռ ջանքերով ձեռնամուխ լինելու այլընտրանքային եղանակով դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ձևավորման միջոցով մեր ինքնիշխանության վերականգնման և նոր որակի հայկական պետության ստեղծման համազգային նպատակի իրագործմանը», – ասված է հայտարարության մեջ: