Home / Հայաստան / Դատարանում հնչեց Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատարանում հնչեց Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ անցած նիստի ժամանակ հնչել է 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը:

Մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի՝ 2 տարվա:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը ճառին պատրաստվելու համար 2-3 շաբաթ ժամանակ է խնդրել՝ պատճառաբանելով դա իր և ընտանիքի անդամների առողջական խնդիրներով: Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 26-ին:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել. նրան ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են զորամասի մի քանի զինծառայողներ: Թե տուժող, թե մեղադրվող կողմի ներկայացուցիչները մշտապես դժգոհել էն քրեական գործի ընթացքից, դատախազներին և դատավորին մեղադրել են կողմնապահության մեջ: Պաշտպանական կողմը համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ և նշում է, որ գործում բազմաթիվ բացթողումներ կան, իսկ Արտակ Նազարյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է:

Նշենք, որ ամբաստանյալներին Հակոբ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը և Հարութիկ Կիրակոսյանը մեղադրվում են ինքնասպանության հասցնելու, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, ինչպես նաև հանցագործությանը օժանդակելու մեջ:

Լուսանկարում՝ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ

Տեսանյութը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության