Այսօր Սահմանադրական դատարանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մի շարք միջնորդություններ է ներկայացրել, որոնց պատասխանող կողմը առարկել է:
Նախ Փոստանջյանը միջնորդել է (ինչպես ավելի վաղ արել էր Անդիաս Ղուկասյանը) դատարան կանչել Սերժ Սարգսյանին՝ պարզելու համար, թե արդյոք ինքն է կազմակերպել ընտրությունները: Կողմը նշում է, որ այդ մասին Սարգսյանը ինքը ասել է Սերժ Թանգյանին ուղղված նամակում: Միջնորդությանն առարկել է Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով ասել է, թե դատարանը հետաքրքրասիրությունը բավարարելու տեղ չէ և դատարանի լիբերալությունն է դրդում կողմին նման միջնորդություն անել: Նախագահող Գագիկ Հարությունյանն էլ մեկնաբանել է միջնորդությունը՝ ասելով, որ եթե այսպես շարունակվի, կարող է միջնորդություն լինի Սերժ Թանգյանին դատարան հրավիրելու մասին:
Փոստանջյանը միջնորդել է նաև դատանար բերել բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեապարկերը և վերահաշվարկ կատարել: Հարությունյանն ասել է, որ քանի որ Սահմանդրությունը սահմանում է բողոքարկման գործի քննման 10 օր և այդ ժամկետը լրանում է վաղը, տեխնիկապես հնարավոր չի լինի բոլոր քվեապարկերը հաշվել:
Փոստանջյանի մյուս միջնորդությունը վերաբերում էր Հայաստանից դուրս եկած մարդկանց ցուցակները ԱԱԾ-ից պահանջելուն: Դավիթ Հարությունյանը կրկին առարկել է՝ ասելով, որ դա տեխնիկապես հնարավոր չի անել, քանի որ նման տեղեկատվություն չկա: Վերջին միջնորդությունը եղել է հինգ փորձագետների դատարան հրավիրելու մասին: