Չնայած սպասվում էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման «բան չի ասում», գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Անդրադառնալով ցուցակին՝ թերթը նշում է, որ 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, 5-րդը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաև Աստղիկ Գևորգյանը, Լևոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը՝ նախկին ավագանու անդամները:
«Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ևս ցուցակում է՝ հեռավոր համարներում: Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն՝ ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, մեր տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին՝ վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին», – նշում է թերթը:
Հիշեցնենք, որ ցուցակի առաջին համարը ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով, ենթադրվում է, կշարունակի պաշտոնավարել, եթե ՀՀԿ-ն հաղթի մայիսի 2-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: