Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսին հրաժարվել է մանրամասներ հայտնել իրեն այսօր այցելած ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ զրույցից:
«Պարոն Մանուկյանն ու պարոն Զուրաբյանը խոսե՞լ են այդ մասին: Դուք գիտեք իմ սկզբունքը: Եթե իմ զրուցակիցը չի ցանկանում զրույցի բովանդակությունը հայտնել, ես հարգում եմ այդ որոշումը», – ասել է Հովհաննիսյանը:
Նա միայն ասել է, որ այցը զորակցական էր, և շնորհակալություն է հայտնել այցի համար:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր հանդիպմանը` Հովհաննիսյանը կրկնել է, որ եթե վերջինս ցանկանա, ինքը մեծ սիրով կհանդիպի Ազատության հրապարակում:
«Հրավերի և հրավերի պատասխանի մեթոդաբանությունը հնացել է: Չխորանամ այս հարցում, կարծում եմ՝ առաջիկա օրերին, շաբաթներին այս շարանը կշարունակվի (նկատի ունի հանդիպումները – խմբ): Կտեսնեք նոր դեմքեր, նոր ուժեր: Կոնսոլիդացիան միջկուսակցական հուշագրերում չպիտի արտացոլվի», – ասել է «Ժառանգության» ղեկավարը:
Նա նշել է, որ քաղաքական ուժերը, իրենց նոր տեղը գիտակցելով, այսուհետ պետք է սպասարկեն ժողովրդի կոնսոլիդացիայի շահերը:
«Կուսակցությունների դերակատարումը փոխվում է: Առաջարկում եմ, որ բոլոր կուսակցությունները հասկանան, որ հին մանրակերտով այլևս ոչինչ չի լինելու: Անհրաժեշտ է, որ բոլոր կուսակցությունները, որոնք ուզում են դե յուրե նախագահություն, որոնք դեմ են կեղծիքներին, ի մի գան ու դառնան մեր ժողովրդի շահերը պաշտպանող», – եզրափակել է Հովհաննիսյանը: