Home / Հայաստան / «Ժառանգությունը» վճռական է. Վրանն Ազատության հրապարակում կտեղադրվի 17:30-ին

«Ժառանգությունը» վճռական է. Վրանն Ազատության հրապարակում կտեղադրվի 17:30-ին

Այսօր կեսօրից ՀՀ ոստիկանության և «Ժառանգության» անդամների միջև մեկնարկած բանակցությունները ավելի քան 1 ժամ են տևել, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Բանակցությունների ընթացքում նաև բախումներ են գրանցվել: Խնդրո առարկան Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրանի տեղադրումն է, որին խոչընդոտում են ոստիկանները:

«Ժառանգության» ներկայացուցիչներն ամեն դեպքում որոշել են վրանը տեղադրել, բայց ավելի ուշ՝ ժամը 17:30-ն, երբ կավարտվի 17:00-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:

Այս մասին լրագրողներին հայտնել են «Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը:

«Կարող ենք տեղադրել, բայց մենք չենք ուզում, որ լարվածություն լինի, մենք տառապանքի փորձ ունենք: Կսպասենք, մինչև ոստիկանները իրենց օրինական ձևակերպումները բերեն: Այդ ժամանակ կանենք»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

Բանախոսները հարկ են համարել նշել, որ օրենքն իրենց կողմն է և դրա մասին է վկայում նաև ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի արձագանքն այն մասին, որ ոստիկանության գործողությունները օրինաչափ չեն:

Խուրշուդյանն ասել է, որ 2011թվականին ևս Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ վրան տեղադրվել է և տեղադրումից հետո ոստիկանությունը որևէ մեկին փորձ չի արել պատասխանատվության ենթարկել դրա համար:

Այժմ «Ժառանգությունը» կրկին դիմելու է քաղաքապետարան՝  Ազատության հրապարկի հարակից վայրում վրան տեղադրելու թույլտվության պահանջով: Սակայն, ինչպես հայտնել է Խուրշուդյանը, անկախ պատասխանից, վրանը տեղադրվելու է այսօր՝ ժամը 17.30-ին:

Լուսանկարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի տեղադրումը 2011 թվականի մարտին