ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի՝ 1,2×1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե,գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ոչ բոլոր հասցեների անվանումներն են հայերեն:
«Օրինակ, Մաշտոց 7 («Beko» խանութի պատին) կամ Մաշտոց 7ա («Modern Art Museum») հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե ինչ ասել է՝ «Մանթաշյան 53 (շենքի պատին` սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը)» կամ «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)», Բագրատունյաց 8 (Մալուխի գովազդի տակ` շենքի պատին):
Մեջբերումները բառացի են՝ ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի: Հայերենում չկա «ռեշոտկա» բառ, հատկապես սպիտակ, իսկ նշված «կալանավորների վարչությունը» հաստատ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է, «հայրենիքն» էլ՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնը: Կամ` եթե մինչև քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, իսկ մալուխի գովազդը հանեն, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն: ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև՝ հայերենի», – գրում է թերթը: